Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսքի ազատությունը Հայաստանում 2015 թվականին. ypc.am

Փետրվար 26,2016 19:33

ԵՄԱ ամփոփագիր 2015 թվականը բարդ և խնդրահարույց էր հայաստանյան լրատվական դաշտի համար: Խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում մի շարք հիմնահարցերի տեսանկյունից եղան այնպիսի շրջադարձային զարգացումներ, որոնք անմիջականորեն ուրվագծեցին լրագրության սահմանները ոչ միայն անցյալ, այլ նաև՝ այս տարվա համար:

Դրանցից առաջին հերթին պայմանականորեն առանձնանում են հեռարձակման թվայնացման անկատար գործընթացի, լրագրողների նկատմամբ բռնությունների աննախադեպ աճի, ինչպես նաև՝ օրըստօրե ահագնացող քարոզչական լրագրության հիմնահարցերը:

Երկար ճանապարհ թվայնացման հետ

2015թ. հունիսի 23-ին Ազգային ժողովը հերթական անգամ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , և Հայաստանում անալոգային հեռարձակումից թվայինի անցման վերջնաժամկետը ևս մեկ անգամ հետաձգեց, այս անգամ՝ 2015թ. հուլիսի 1-ից 2016թ. հունվարի 1-ը:

Արդեն դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով ինչ-որ լուծում տրվեց գործող օրենսդրությունում եղած բազմաթիվներից ընդամենը երկու խնդրի:

Մասնավոր մուլտիպլեքսների լիցենզավորման և շահագործման կարգ ու պայմաններ և 2010թ. թվային հեռարձակման լիցենզիա չստացած մարզային հեռուստաընկերությունների հետագա ճակատագիր՝ ահա այն երկու հարցերը, որոնք առանձնացրել էին կառավարությունն ու ԱԺ-ն: Եվ «լուծել» մի օրենքով:

Սակայն նման օրինագծի ընդունմամբ անտեսվել են հեռարձակման ոլորտի ներկա վիճակի բազմաթիվ թերություններ:

«Ընդունված օրենքը չի լուծում նաև Հայաստանի հեռարձակման ոլորտի մի շարք ավանդական խնդիրներ. կարգավորող մարմնի (Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի) անկախություն, իր գոյությունը ապահովող հարկատուների առջև Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվողականություն, լիցենզավորման մրցույթների թափանցիկություն և անաչառություն», –2015թ. դեկտեմբերի 18-ին իրենց հայտարարության մեջ արձանագրում են հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ:

Հեռահաղորդակցության ոլորտի պաշտոնյաների պնդումները, թե այս փոփոխությունների ընդունմամբ շեշտը դրված է սոցիալական բաղադրիչի վրա, այնքան էլ համոզիչ չեն:

Բանն այն է, որ 2010թ. լիցենզիա ստացած մարզային հեռուստաընկերությունները 2016թ. հունվարի 1-ից գործելու են հեռարձակման թվային համակարգով, իսկ մնացածները՝ անալոգայինով: Դա սկզբունքորեն հակասում է թվայնացման գաղափարին և միջազգային կարգավորող նորմերին: Այդպիսով անալոգային հեռուստաալիքները մոտ ապագայում հայտնվելու են անբարենպաստ մրցակցային միջավայրում՝ ազդանշանի որակի, պաշտպանվածության և լսարանին հասանելիության ու գովազդատուների համար գրավչության առումով: Այլ կերպ ասած, իշխանությունները տեղական այդ հեռուստաընկերությունները չեն փակում առերևույթ՝ օրենքի ուժով, սակայն այդ օրենքով նրանց դնելով իրենց ստեղծած  անհավասար պայմաններում,  ի վերջո կհասնեն նրանց գործունեության աստիճանական դադարեցմանը։ Իսկ արտաքուստ այդ գործընթացը շատ բնական կթվա:

Մինչդեռ հայաստանյան լրագրողական կազմակերպությունները 2010 թվականից էին ահազանգում, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները (նույնիսկ դեռևս նախագծի կարգավիճակում) չեն պարունակում թվայնացման գործընթացի կարգավորման մեխանիզմները:

Մասնագիտական կազմակերպությունները, լրագրողական համայնքը և միջազգային կառույցները պարբերաբար  ահազանգում էին, որ թվային հեռարձակման լիցենզիաների ամրագրված 18 թիվը նշանակում է, որ գործող շատ հեռուստաընկերություններ զրկվելու են եթերից, նորերն ի հայտ չեն գալու, ինչն ամենևին չի նպաստելու բազմազանությանը, բազմակարծությանը և խոսքի ազատությանը:

2014թ. նոյեմբերին լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, ՀՀ Ազգային ժողով ներկայացրին իրենց մշակած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում էր հեռարձակման թվային համակարգին անցնելուն զուգահեռ էապես բարեփոխել ոլորտում հարաբերությունների օրենսդրական կարգավորումը՝ արդիականացնելով դրանք, նպաստելով ազատ և արդար մրցակցության զարգացմանը, ինչպես նաև ստեղծելով օրենսդրական հիմքեր՝ ապահովելու համար հեռուստառադիոծրագրերի բազմազանությունն ու բազմակարծությունը:

Հեռարձակման թվայնացման պայմաններում մոտ 10 մարզային հեռուստաընկերությունները փակվելու վտանգից զերծ պահելու խնդիրը կարող էր լուծվել, օրինակ, փոքր մուլտիպլեքսների ստեղծմամբ և պարզ լիցենզավորման համակարգի ներդրմամբ, ինչը տարբեր տարիներին բազմիցս առաջարկվել  է վերը նշված լրագրողական կազմակերպությունների կողմից։

Եթե մինչև օրենքի փոփոխությունը նախատեսվում էր ամեն մարզում միայն 1 տեղական հեռուստաընկերության առկայություն, ապա այժմ հեռուստաընկերությունների անալոգային հեռարձակման լիցենզիաների ժամկետը արդեն երրորդ անգամ է երկարացվում՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը կամ մինչև նոր մրցույթների անցկացումը։

(Մի կողմ թողնենք այն, որ միաժամանակ անալոգային և թվային հեռարձակում ապահովելը նաև բավական թանկ է, ինչի մասին զգուշացնում էր դեռևս 2010թ. մարտին հրապարակված «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի ԵԱՀԿ փորձագիտական վերլուծությունը». «Միաժամանակ անալոգային և թվային հեռարձակման համակարգեր ունենալը թանկ է» և խորհուրդ տալիս՝ «ուստի այդ ժամանակաշրջանը պետք է որքան հնարավոր է կարճ լինի»):

Իսկ ընդունված օրենքն այս առնչությամբ արձանագրում է. «մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը»։

Մասնավոր մուլտիպլեքսորին այս կարգի պահանջ ներկայացնելը նշանակում է, որ հեռարձակման ոլորտում, ինչպես մեր երկրի տնտեսության մեջ ընդհանրապես, զարկ է տրվում բացառապես խոշոր ձեռնարկատիրությանը: Մինչդեռ վերջինը նպաստում է մենաշնորհացմանը, և փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին խոսելն արդեն ավելորդ է դառնում։

Միակ խնդիրը, որը կարծես թե փորձում է լուծել ընդունված փաստաթուղթը, հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական վերահսկողության պահպանումն է իշխանությունների կողմից, ինչն անհարիր է ժողովրդավարական հասարակությանը ու անտրամաբանական՝ տեխնոլոգիական ներկայիս հնարավորությունների և դրանց հետագա զարգացման պայմաններում:

Շահագրգիռ լրագրողական կազմակերպությունները արձանագրեցին, որ այդ փաստաթղթի վրա աշխատանքն իրականացնելով հույժ գաղտնի պայմաններում, ՀՀ կառավարությունը և ԱԺ-ն անտեսել կամ մերժել են իրենց բազմաթիվ փորձերն ու առաջարկները՝ մասնակցելու օրինագծի մշակմանը։ Ավելին, «ՀՀ իշխանությունները, գործընթացը ձգձգելով և հանրային մասնակցության պատրանք ստեղծելով, գիտակցաբար ձախողել են քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային փորձագետների հետ համագործակցությունը, այն դեպքում, երբ դեռ մի քանի տարի առաջ հավաստիացնում էին, թե խոսքի և ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող ոչ մի օրինագիծ չի ընդունվի առանց ոլորտի ներկայացուցիչների հետ շահագրգիռ քննարկման»:

Այս ամենից ելնելով՝ լրագրողական կազմակերպությունները թեև ցավալիորեն փաստեցին, որ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից չեն տեսնում կառուցողական համագործակցության պատրաստակամություն, այդուհանդերձ իրենք շարունակելու են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի հեռարձակման ոլորտի զարգացումը և խոսքի ազատությունը չխոչընդոտվեն թերի օրենսդրությամբ:

Անպատժելիության գաղջ մթնոլորտ

2014 թվականից հետո հայաստանյան լրագրողների նկատմամբ գնալով ավելացել են բռնության, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը, ընդ որում, որոշ գնահատականներով՝ «առավել կոշտ, համակարգված բնույթի և նպատակաուղղված»:

Լրատվական դաշտի համար 2015 թվականը այս տեսանկյունից է՛լ ավելի անբարենպաստ էր: Քաղաքացիական ակցիաները, ցույցերը, ինչպես նաև երկրի համար նշանակալից այնպիսի իրադարձություններ, ինչպիսին, օրինակ, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր, պարարտ հող ապահովեցին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու համար:

«2015 թվականին հայկական ԶԼՄ-ները գործել են չափազանց լարված պայմաններում: Նրանց վիճակված էր դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում լրագրողների իրավունքների ոտնահարումների և ընդհանրապես խոսքի ազատությունը սահմանափակելու բազմաթիվ փորձերի: Ընդ որում, ինչպես և նախկինում, սպառնալիքները հիմնականում գալիս էին իշխանական տարբեր ճյուղերից»,- սա արդեն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) գնահատականն է:

Այս ամենի հետևանքով անցյալ տարում էլ ավելի խտացավ խոսքի ազատության համար առանց այդ էլ անբարենպաստ ընդհանուր քաղաքական մթնոլորտը, իսկ լրագրողների նկատմամբ հաճախակիացած բռնության դեպքերը և առհասարակ անբարյացակամ վերաբերմունքը գագաթնակետին հասան հունիսի 23-ին:

Այդ օրը, «երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 11 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ»,- մեջբերումը լրագրողական ութ կազմակերպությունների հայտարարությունից է։

Հատկանշական է, որ «տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված բնույթ էին կրում, և նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայականը ցույց տալը, կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների անունները իրենց զերծ չեն պահել բռնություններից»:

Մինչդեռ քրեական գործ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց դեպքերից միայն 10 օր հետո՝ հուլիսի 3-ին։ Իսկ հետագայում էլ լրագրողական կազմակերպությունները  պարբերաբար ահազանգում էին իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին՝ անթույլատրելի համարելով ՀՔԾ-ում դրսևորվող մակերեսային մոտեցումն ու դանդաղկոտությունը։

Լրագրողների իրավունքների զանգվածային խախտման այս օրինակը աննախադեպ էր նաև նրանով, որ հարուցված քրեական գործում դրանցից անգամ կես տարի անց լրագրողների դեմ բռնարարքներում ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ չկար:

Չի բացառվում, որ նաև այս անպատժելիության պատճառով բռնությունների շղթան շարունակվեց 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը, երբ արձանագրվեցին քվեարկության գործընթացը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ՝ ֆիզիկական բռնություններ, օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստեր։

Ըստ ԽԱՊԿ-ի, Սահմանադրական փոփոխությունների քարոզչության ժամանակահատվածում և հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ին, գրանցվել է ֆիզիկական բռնության 3 դեպք և մասնագիտական գործունեության խոչընդոտման 12 միջադեպ: Լրագրողների նկատմամբ բռնության 4 այլ դեպք էլ ԽԱՊԿ-ի կողմից արձանագրվել է նախքան հունիսյան իրադարձությունները:

Լրագրողական կազմակերպությունները դարձյալ հայտարարություն տարածեցին, որտեղ մասնավորապես արձանագրեցին ոչ միայն լրագրողների իրավունքների խախտումները, այլ նաև այն, որ իրավապահ մարմիններին ուղարկվող՝ ԶԼՄ- ների հրապարակումները և իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումներն այդ խախտումների մասին «ձևական բնույթ են կրում և արդյունք չեն տալիս»: Իսկ նրանց կոչերը՝ «Հանրաքվեն նախաձեռնած իշխող կուսակցությանը՝ բացատրություններ տալ երկրի հասարակությանը՝ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և խոչընդոտումների վերաբերյալ, ՀՀ ոստիկանությանը և քննչական մարմնին՝ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնել արձանագրված փաստերի առնչությամբ, բացառելով իմիտացիոն մոտեցումները, իսկ ՀՀ դատախազությանը՝ պատշաճ վերահսկողություն սահմանել վերոհիշյալ իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ և հետևողականություն ցուցաբերել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հարցում» մնացին անարձագանք:

Ահա հենց այս անպատժելիության մթնոլորտն է, որը, լինելով բռնությունների աննախադեպ աճի առաջին պայմանն ու պատճառը, «հաջողությամբ» ձևավորվել է 2015 թվականին և խորացման միտում է արձանագրում նաև 2016-ի համար, եթե նկատի ունենանք, թե իրավապահ մարմինները, պատգամավորները ինչ անկաշկանդ են խախտում լրագրողների իրավունքները արդեն այս տարվա սկզբին:

Քարոզչության սապոգի տակ

Անցյալ  տարվա լրատվական դաշտի համար ամենաբնորոշ երևույթներից էր նաև լրագրության մեջ քարոզչության՝ հիմնականում ռուսաստանյան, ուժգնացումը: Դեռևս 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո կանխատեսումներ եղան, որ գնալով հայաստանյան տեղեկատվական դաշտն ավելի ու ավելի կինտեգրվի ռուսականին: (Ի դեպ, ուկրաինական թեման հայաստանյան լրատվության համար փաստորեն դարձավ այդ ինտեգրման խորության աստիճանն ստուգելու լակմուսի թուղթը):

Այսօր այդ կանխատեսումներն այլևս իրականություն են: Միայն այն հանգամանքը, որ հայաստանյան լրատվամիջոցները նույնիսկ արևմտյան լրատվամիջոցներից տեղեկությունները հրապարակում են՝ հիմնականում հղում անելով ռուսական աղբյուրներին, խոսում է այս տեսակետի օգտին:

Հայաստանում բնակչության համար հեռուստատեսությունը մնում է որպես նորությունների, քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր:

«Հետևաբար, սա ամենաարդյունավետ միջոցն է՝ ազդելու արտաքին և ներքին քաղաքականության առավել հրատապ հարցերի շուրջ հանրային կարծիքի վրա, ինչից էլ օգտվում են քարոզչական հակամարտության նախաձեռնողները» («Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականությունը. վերլուծական հոդվածաշար»):

Հայաստանում ռուսաստանյան հեռուստաալիքները տեղեկատվական դաշտի կարևոր դերակատարներ են: Մեր երկրի տարածքում ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքները վերահեռարձակվում են միջպետական համաձայնագրերի հիման վրա, և դրանց եթերում տեղ գտած հաղորդումներում և սյուժեներում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով: Ինչպես նշվում էր ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 2014թ. ապրիլի 7-ի հայտարարության մեջ, «ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը ՀՀ տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է երկրի Սահմանադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի մի քանի կետերին), ինչպես նաև միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան թշնամության տարածումը»:

Քաղաքացիական հասարակության գնահատականներով, սա մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ պետությունների հետ բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ ապակայունացնում է հասարակական կյանքը: Եվ սա այն դեպքում, երբ ռուսաստանյան հեռուստաալիքները Հայաստանում զբաղեցնում են հանրային սահմանափակ ռեսուրս հանդիսացող ռադիոհաճախականությունները:

Այս կապակցությամբ միանգամայն հիմնավորված էին հայաստանյան քաղհասարակության կոչերը՝ դիտարկել այն ընկերությունների գործունեության օրինականությունը, որոնք իրականացնում են քարոզչական ուղղվածության համապատասխան հաղորդումների վերահեռարձակումը: Լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների բովանդակության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին Հայաստանում հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի անմիջական և առաջնային պարտականությունն է: Ռուսաստանյան ալիքները անարգել վերահեռարձակվում են հենց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից տրված լիցենզիաների հիման վրա: Սակայն ՀՌԱՀ-ի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք այդպես էլ չեղավ, իսկ իշխանական շրջանակների ներկայացուցիչները ոչ պաշտոնապես էին տալիս սրա պատճառաբանությունը. ցանկացած խստություն ռազմավարական գործընկերոջ լրատվամիջոցների նկատմամբ բացառվում է:

Ընդ որում, հայաստանյան հեռարձակողները իրենց լսարանին չեն մատուցում աշխարհի այն պատկերի այլընտրանքը, որը Մոսկվայի կողմից Արևմուտքի դեմ չհայտարարված քարոզչական պատերազմի մեկնարկից հետո մինչև այսօր ստեղծում են ռուսաստանյան գործընկերները:

Հայաստանում լսարանի համար զգայուն գործոն է նաև ռուսաստանյան հեռուսատաալիքների և ընդհանրապես ԶԼՄ-ների տեղեկատվական-քաղաքական եթերում հայկական ազգանուններով մարդկանց լայն ներկայացվածությունը: Նրանց ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս վառ արտահայտված ռուսաստանյան իշխանամետ (այսինքն՝ հակաուկրաինական, հակաարևմտյան) դիրքերից:

Հայաստանյան լսարանը՝ այս հանգամանքի բերումով և արտերկրի հայրենակիցների վարքի նկատմամբ իր ավանդական զգայունության պատճառով ապրումակցում է եթեր հեռարձակվող համապատասխան բանավեճերին և սյուժեներին: Մոսկվայի քաղաքականության նկատմամբ համակրանքն ու հակակրանքը առանց  այդ էլ բաժանել են հայաստանյան հանրությունը, իսկ Կրեմլի կողմնակիցների ճամբարում հայերի ներկայությունը ավելի է խորացնում այդ հակասությունները: Ընդ որում, Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Եվրամիություն, Մոսկվա-Կիև հակամարտության համատեքստում, հասարակության ներսում կոնֆլիկտայնությունը տարօրինակ կերպով ձևավորվում է մեծ մասամբ այն հարցերի շուրջ, որոնք ազգային շահերի հետ հիմնականում անմիջական առնչություն չունեն:

2016 թվականի զարգացման միտումները

Ահա այս ֆոնին, վատագույն ավանդույթների տրամաբանությամբ էլ սկսվեց 2016 թվականը. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես իրավապահ կառույցների ղեկավարների կողմից հանրային միջոցառման ժամանակ լրագրողների աշխատանքի խոչընդոտման, նրանց նկատմամբ քամահրական, թշնամական վերաբերմունքի փաստերն արդեն լիուլի են, թեև տարվա սկզբից անցել է ընդամենը մեկ ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29