Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ընթերցողին ներկայացվեց հրապարակախոս, արձակագիր Բակուր Կարապետյանի «Sumgait Diary, 1988, 27 March -05 April» («Սումգայիթյան օրագիր, 1988 27 մարտի-05 ապրիլի») գրքի անգլերեն թարգմանությունը: Հայերեն գիրքը լույս է տեսել երկու տարի առաջ:
Հեղինակը լրագրողներին տեղեկացրեց, որ 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերից անմիջապես հետո տեղում հավաքել է կոտորածից փրկվածների վկայությունները, որոնք էլ ամփոփված են գրքում:
«Գորբաչովը կարծեց, որ եթե սումգայիթյան ջարդեր կազմակերպվեն, հայերը կսարսափեն Ադրբեջանից եւ կհրաժարվեն Արցախից: Ամեն ինչ նախապես ծրագրավորած էր: Սումգայիթի հրապարակում եւ փողոցներում նախապես քարեր եւ ձողեր էին թաքցրել: Ադրբեջանական դասագրքերում գրում են, թե հայերը Խոջալուի դեպքերի ժամանակ սպանել են ադրբեջանցիներին, եւ այդպես լարվածություն են հրահրում հայերի դեպ: Հիշենք Բուդապեշտի դեպքը, երբ ադրբեջանցին կացնահարեց հայ սպային: Մենք էլ պետք է գրենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել` ոչ թե էթնիկ թշնամանք պետք է սերմանենք, այլ իրազեկենք»,-ասաց Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ անգլերեն գիրքը նպատակ ունի միջազգային հանրությանն իրազեկել Ադրբեջանի իրական պատմության մասին, սակայն մեկ գիրքն այդ նպատակին հասնելու գործում չափազանց քիչ է. «Անընդհատ աշխատել է պետք այդ ուղղությամբ: Անգամ դասագրքերում պետք է գրել այդ մասին»:
Բակուր Կարապետյանը 1988թ.-ին նաեւ նկարահանել է սումգայիթյան ոճրագործությունից փրկվածներին: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ