Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները ռուս սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինից հետաքրքրվեցին, թե Բայանդուրի ուղեկալում հայտնված Վալերի Պերմյակովը ի՞նչ հոգեվիճակում էր:
«Հարցերին պատասխանում էր հստակ, չէր տատանվում, մի քիչ դողում էր, որովհետեւ պառկած էր ձյան վրա, մի քիչ էլ անհանգիստ էր», ասաց վկան: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Պերմյակովի մոտ մարմնական վնասվածք, ֆիզիկական բռնության հետքեր չկային:
Հարցին,թե դուք շարունակական հարցեր տալի՞ք էիք Պերմյակովին, վկան ասաց, որ իրավիճակն այնպիսին էր, որ իրենք հեռախոսով անընդմեջ զեկուցում էին թե՛ ռազմաբազայի հրամանատարությանը, թե՛ իրավապահներին, դրա համար էլ Պերմյակովին նստեցրեցին մեքենան: Հարցին՝ Վալերի Պերմյակովը ձեզ անձամբ ասա՞ց, որ ուզում է հատել սահմանը, Սերգեյ Մերլզիկինը պատասխանեց, թե նա բան չի հիշում, սակայն իրենք նրա գործողություններից այդպիսի զգացողություն ունեցան, որ նա Թուրքիա էր գնում: Վկայից հետաքրքվեցին՝ չի՞ հարցրել արդյոք Պերմյակովին, թե նա մենա՞կ է եղել: «Ոչ չեմ հարցրել»,- ասաց վկան:
Կարդացեք նաև
Դատախազը եւս մի քանի հարցեր ուղղեց Սերգեյ Մերլզիկինին. հիշեցնելով նրա նախաքննական ցուցմունքն՝ ասաց. « Դուք ասել եք ներկայացի, անձը պատասխանել է՝ շարքային Պերմյակով, Ձեր հարցին՝ ո՞ւր է զենքդ, ասել է՝ թաքցրել եմ, ցույց կտամ տեղը: Հարցրել եք՝ ո՞ւր ես գնում, Պերմյակովն ասել է Թուրքիա: Հիմա ուզում եմ հասկանալ, նա ի վերջո ասե՞լ է, որ ուզում է գնալ Թուրքիա», -հարցրեց դատախազը: Վկան ասաց, որ բավական ժամանակ է անցել, միգուցե այդ պատճառով հիմա հստակ չի հիշում, բայց ամեն դեպքում իրենց մոտ այնպիսի զգացողություն էր, որ Պերմյակովը Թուրքիա էր գնում: Հարցին, չհետաքրքրվեցի՞ք Պերմյակովից, թե ո՞վ էր իրեն սպասում Թուրքիայում», -վկան ասաց ՝ոչ:
Դատավոր Հարություն Մովսիսյանը նույնպես վկային հիշեցրեց, որ ըստ իր նախաքննական ցուցմունքի, Վալերի Պերմյակովը հայտնել է, որ Թուրքիա է գնում:
Նշենք, որ ինչպես միշտ, Վալերի Պերմյակովը հարցեր չուներ վկաներին, վերջինս այսօր մի պահ ամբողջ մարմնով մտել էր խցի մեջ, ապակիներից սովորականի պես չէր անգամ գլուխը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ