Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի միակ հույսը մնացել է ավտոբեռնափոխադրման շուկան (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 18:05

Հայաստանում ավտոփոխադրումների շուկան բավականին ազատականացված է եւ մենաշնորհներ չկան, սակայն չնայած այս հանգամանքին՝ մեր երկրում տարանցիկ փոխադրումների հարկ ու տուրքերն այնքան բարձր են, որ բեռնափոխադրում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունները կաշխատեն շրջանցել Հայաստանը եւ իրենց բեռներն այլընտրանքային ճանապարհներով տեղափոխել:

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը մտահոգություն հայտնեց բարձր հարկերի վերաբերյալ` ասելով որ մեր հարեւանները, որոնք բեռնափոխադրումների համար հանդիսանում են տարանցիկ երկրներ, հարկերը, մաքսերը, ենթակառուցվածքները հարմարեցնում են տարանցիկ փոխադրումներին, քանի որ դրանցից ստացվող եկամուտը շատ ավելին է լինում:

Գագիկ Աղաջանյանի խոսքերով, տարանցիկ փոխադրման համար ամեն մի կիլոմետրի դիմաց 220 դրամ պետք է վճարի բեռնափոխադրողը. «Մուտքի վճար, ելքի վճար, իսկ ամենաաբսուրդն այն է, որ տարանցիկ անուղղակի տարանցման համար այնպիսի թվեր են, որ ձեռնտու չէ քո երկրով անցնեն»:

Մանրամասները` տեսանյութում

Գագիկ Աղաջանյանը գտնում է, որ ավտոփոխադրումների շուկան արագ տեմպերով պետք է զարգացնել, որպեսզի հետ չմնանք տարածաշրջանային զարգացումներից:

Ըստ նրա շուտով շահագործման կհանձնվեն երկու երկաթուղիներ, որոնցով Հյուսիս-հարավ ճանապարհներն ըստ էության կիրականանան: Իսկ Հայաստանին մնում է ավտոփոխադրումների շուկան, որի մի մասը մեր երկիրը կարող է իր վրա վերցնել:

«Եթե մենք դա էլ չանենք, ուրեմն ավտոփոխադրողների շուկան էլ ենք մենք կորցնելու եւ տարանցիկության մասին մեկընդմիշտ կարելի է մոռանալ»:

Պարոն Աղաջանյանն ասաց, որ մաքսային օրենսդրության մեջ անհրաժեշտ է փոփոխություններ անել, որպեսզի բեռնափոխադրողները անտեղի վճարումներ չկատարեն: Օրինակ` մեր երկրում խնդիր է տարանցման ժամանակ տրանսպորտային միջոցի փոփոխությունը. եթե տարանցիկ բեռը մի տրանսպորտային միջոցից փոխվեց մեկ այլ տրանսպորտային միջոց, ապա, ըստ պարոն Աղաջանյանի, համարվում է «ռեէքսպորտ» եւ հավելյալ վճար պահանջում:

Այս խնդրով, բեռնափոխադրողները դիմել են հարկայինի եւ մաքսայինի պատասխանատուներին, որպեսզի օրենքները վերանայվեն:

Պարոն Աղաջանյանը նաեւ հայտնեց, որ նավթի գնի նվազմամբ պայմանավորված, տարանցման գները խիստ նվազել են. «Հայաստանից Չինաստան 25-26 տոննա բեռը տեղափոխելը արժենում է 1700 դոլար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29