Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 բարձրակարգ երկրների շարքում է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետտո

Փետրվար 26,2016 17:59

Փետրվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրեցին «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր:

Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասսենը:

Փաստաթուղթը տիպական մաքսային համաձայնագիր է: Այն թույլ է տալիս աղետների դեպքում փրկարարական թիմերին արագ անցկացնել իրենց գույքը կարիքավոր երկրի սահմանից ներս: Աղետի դեպքում, ՀՀ ԱԻ նախարարությունը որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի և սարքավորումների արագացված և պարզեցված ռեժիմով ներկրում ու արտահանում:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակին ԱԻ նախարարության հետ ակտիվ համագործակցության համար` նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այս կառույցի հետ համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում իրականացվել են բազում արդյունավետ ծրագրեր:

–       2015 թ. սեպտեմբերին մեր քաղաքային որոնողափրկարարական թիմը դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ: Երբ 2012-13 թթ. խոսում էինք այդ մասին, դա հեքիաթ էր թվում՝ բարդ պահանջների պատճառով: Սակայն, նաև ՄԱԿ-ի աջակցությամբ մենք հաղթահարեցինք այդ պատնեշը: Եթե մեկս մյուսին նեցուկ չլինենք, խոշոր աղետների դեմ պայքարը շատ դժվար կլինի: Այս համաձայնագրի կնքումը վկայում է այն մասին, որ Հայաստանն, իրոք, ունի հզոր արտակարգ իրավիճակների նախարարություն և մեծ պատրաստակամություն՝ աջակցելու ցանկացած պետության,- հավելեց նախարար Ա. Երիցյանը:

Շնորհավորելով համաձայնագրի կնքման կապակցությամբ` Բ. Բուզետտոն մեծապես կարևորեց այս փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ Հայաստանը հետայսու պատրաստ է միջազգային ցանկացած աղետի դեպքում ուղարկել արագ արձագանքման իր ուժերը անհամեմատ դյուրացված կարգով:

–       Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից: Սրա համար Հայաստանն արժանի է մեծ գովասանքի և ճանաչման, քանի որ այն այժմ դասվում է աշխարհի տասը բարձրակարգ պետությունների շարքին, որոնք ունեն նման համաձայնագիր և օգտվում են մարդասիրական օգնության տրամադրման ու ստացման պարզեցված կարգից: Սա նաև շնորհիվ նախարար Ա. Երիցյանի առաջնորդության և ձեր բոլորի համատեղ ջանքերի:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով` համաձայնագիրն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց դրա բացակայության պարագայում Ինդոնեզիայի ցունամիից հետո միջազգային թիմերի մուտքն այդ երկիր մեծ խնդիրներ առաջացրեց:

–       Համաձայնագրի ստորագրումը նաև ապացուցում է Հայաստանի լուրջ մոտեցումը, կամքը և պատրաստակամությունը ոչ միայն ներքին, այլև` արտաքին ռիսկերին և աղետներին արձագանքելու,- նշեց Բ. Բուզետտոն:

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին: Նպատակը արտակարգ իրավիճակներին և բնական աղետներին համապարփակ արձագանքման ՄԱԿ-ի համակարգի հզորացումն է:

ՄԱԿ-ի հումանիտար գործերով համակարգման գրասենյակ

UNOCHA-ն ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին: Նրա նպատակը արտակարգ իրավիճակներին և բնական աղետներին համապարփակ արձագանքման ՄԱԿ-ի համակարգի հզորացումն է: Այն միջգործակալական մարմին է և ծառայում է ՄԱԿ-ի գործակալություններին ու հասարակական կազմակերպություններին մարդասիրական հարցերում՝ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ:

 

UNOCHA-ի առաքելությունն է.

արտակարգ իրավիճակների ժամանակ ազգային և միջազգային ներկայացուցիչների միջոցով մարդասիրական գործողությունների համատեղ, արդյունավետ մոբիլիզացումը և համակարգումը,
կարիքավոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը,
աղետներին պատրաստվածությանը և կանխարգելմանը նպաստելը,
կայուն լուծումներին աջակցությունը:
   UNOCHA-ն այսօր աշխարհով մեկ ունի ավելի քան 30 գրասենյակ՝ շուրջ 1900 աշխատակիցներով: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ժնևում: OCHA-ն ներկայումս գլխավորում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական գործերով և աղետների մեղմացման համակարգող Վալերի Ամոսը:

ԱԻՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29