Երեխաների պաշտպանության միջազգային ցանցը ս.թ. փետրվարի 15-ին հրապարակեց «Երեխաների համար արդարադատության մատչելիության» վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը, որն ընդգրկում է 197 պետությունների վերաբերյալ իրավիճակի վերլուծություն, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը[1]:
Ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք հարցեր երեխայի իրավական կարգավիճակի, երեխայի իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ անմիջապես երեխայի կողմից հայց ներկայացնելու հնարավորության, երեխաներին հասանելի իրավական աջակցության առկայության, երեխայի իրավունքների խախտումների վերաբերյալ հայցեր ներկայացնելիս գործնականում առաջացող խնդիրների, ռիսկերի և դատարաններում երեխաների մասնակցությամբ գործեր քննելիս միջազգային իրավունքի նորմերի կիրառման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
· ՀՀ-ում քաղաքացիական գործունակությունը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն՝ տասնութ տարեկան դառնալու պահից: Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով: Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից: Այսպիսով, բացառությամբ վերը նշված լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերից, անչափահասների իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները[2]: Իրավական կարգավիճակի բացակայությունը հանգեցնում է երեխաների համար արդարադատության անմատչելիությանը:
Կարդացեք նաև
· Անչափահաս հայցվորները կամ նրանց ներկայացուցիչները չեն ազատվում դատական ծախսերից:
· Դատարան դիմելու համար առանձին դեպքերում չկան նախատեսված ոչ ֆորմալ՝ ավելի դյուրին, ընթացակարգեր:
· Չի ապահովվում դատավարություններում ընգրկված անչափահասների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
· Բացակայում են երեխայակենտրոն, անչափահասներին հարմարեցված ընթացակարգերը անչափահասների հարցաքննության ժամանակ: Մասնավորապես այն դեպքում, երբ երեխան տուժող է և դատավարության ժամանակ կարող է կրկնակի տուժող դառնալ:
· Արդարադատության այլընտրանքային մեխանիզմներ երկրում դեռևս առկա չեն:
· Միայն սահմանափակ դեպքերում են վաղեմության ժամկետները հաշվարկվում երեխայի 18 տարեկանը լրանալուց հետո:
· ՀՀ օրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների համար չի նախատեսվում հնարավորություն դատարան դիմելու համար՝ ապահովելու երեխայի իրավունքների պաշտպանությունը:
· ՀՀ ներպետական դատարանների կողմից չեն արձանագրվել գործեր, երբ դատարանները հղում կատարեն Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:
· ՀՀ-ն չի վավերացրել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հաղորդման ընթացակարգերի մասին երրորդ Կամընտիր արձանագրությունը:
Երեխաները, այնպես ինչպես չափահաս անձինք, ունեն իրավունքներ, և երբ դրանք խախտվում են, նրանք պետք է լիարժեք հնարավորություն ունենան դիմելու արդարադատության համակարգին իրենց իրավունքների վերականգնման համար:
Համեմատական վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 98-րդ տեղը՝ հավաքելով է 51.0 միավոր 100 միավորից և զիջելով Ռուսաստանի Դաշնությանը (56.7), Ուկրաինային (55.4), Ադրբեջանին (53.4), Վրաստանին (59.4), Ղազախստանին (57.7), Տաջիկստանին (57.7) և մի շարք այլ երկրներին: Առաջին եռյակում են Բելգիան (81.6), Պորտուգալիան (77.2), Իսպանիան (77.0):
«Հայաստանի երեխաների պաշտպանության ցանցը» իր խիստ մտահոգությունն է արտահայտում Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության իրավիճակի կապակցությամբ:
Կոչ ենք անում ՀՀ օրենսդիր մարմնին, ՀՀ կառավարությանը և պատկան այլ մարմիններին ձեռնարկել գործողություններ, մշակել և ընդունել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ բարելավելու արդարադատության մատչելիությունը երեխաների համար՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները և ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: «Երեխաների Պաշտպանության Ցանց»-ը իր պատրաստակամությունն է հայտնում մասնակից դառնալ նշված գործընթացներին և իր ներդրումն ունենալ իրավիճակի բարելավման գործում:
Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ՝ ԵՊՑ) միավորում է երեխաների հարցերով զբաղվող 39 հասարակական կազմակերպություն: ԵՊՑ-ն գործում է 2005 թվականից, պաշտոնապես գրանցվել է 2012 թվականին: ԵՊՑ-ն իր գործունեությամբ նպաստում է երեխաների բարեկեցությանը՝ մասնակցություն ունենալով երկրում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումներին և համապատասխան քաղաքականության մշակմանն ու հստակեցմանը` ուղղված երկրում երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:
2012 թվականից ԵՊՑ-ն անդամակցում է Սևծովյան տարածաշրջանային ChildPact կոալիցիային, որը համախմբում է այս ոլորտում տասը երկրներից ավելի քան 600 կազմակերպություն:
[1] https://www.crin.org/en/home/law/access
[2] ՀՀ քաղ. օր. հոդ. 24, ՀՀ քաղ. դատ .օր հոդ 43 (1)