Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «Կոկա-Կոլա» ընկերությանը 50 միլիոն դրամ տուգանելու առնչությամբ, Aravot.am-ը ընկերությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս տուգանքի եւ հանձնաժողովի հիմնավորման վերաբերյալ, արդյոք պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Ընկերության հանրային գործերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը մեզ փոխանցեց ընկերության պարզաբանումը. «Ընկերությունը դեռեւս չի ստացել հանձնաժողովի որոշումը: Ավելացնենք, որ նախորդ երկու օրվա ընթացքում ընկերությունը դիմել է հանձնաժողովին՝ որոշում տրամադրելու հարցով։ Ըստ ընթացակարգի, որոշման կայացման օրը նախատեսված է եղել փետրվարի 24-ը։ Հանձնաժողովը հայտարարել էր, որ ընկերությունը ստանալու է որոշումը փոստային կապի միջոցով։ Ընկերությունը բաց է իր գործունեության մեջ եւ կմեկնաբանի ԶԼՄ-ներում շրջանառվող այս տեղեկատվությունը միայն հանձնաժողովի որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո»։
Հիշեցնենք, որ այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Կոկա-կոլա» ընկերությանը տուգանեց 50 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության ներկայացրած բողոքի հիման վրա: «Կոկա-կոլա»-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար, մասնավորապես, ինչպես ներկայացվեց այսօրվա նիստում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի սննդի սպասարկման 11 տնտեսվարողները հրաժարվել են ձեռք բերել եւ իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի-կոլա», ընդ որում, սննդի այդ 11 կետերում էլ «Կոկա- Կոլայի» պակաս չի եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ