Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ»

Փետրվար 26,2016 16:50

Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Խորհրդակցությանը հանգամանալից անդրադարձ է եղել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Նկատի առնելով, որ դեսպան Կիրակոսյանը նաև Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարն է Վիեննայում գործող մի շարք միջազգային կազմակերպություններում, անդրադարձ է եղել վերոնշյալ միջազգային կառույցների հետ մեր երկրի համագործակցության հեռանկարին: Սերժ Սարգսյանը կարևորել է անդրադարձը ոչ միայն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ձեռքբերումներին, այլև առկա խնդիրներին և այն հարցերին, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն ունի Երևանի առավել նպատակաուղղված աջակցության կարիքը։ «Պարո՛ն Կիրակոսյան, այսօր ակնկալում եմ հայ-ավստրիական հարաբերությունների հանգամանալից քննարկում և, բնական է, քանի որ դուք նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն եք, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի առաքելության ղեկավարն եք, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի մի շարք գործակալություններում ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաև մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ՄԱԳԱՏԷ-ում, կցանկանայի, որպեսզի խոսենք նաև այս հարցերի մասին:

Ավստրիան Հայաստանի բարեկամ երկիր է, զարգացած երկիր, և մեր հարաբերություններն Ավստրիայի հետ մենք կառուցում ենք՝ հաշվի առնելով պատմության ընթացքում անցած համատեղ ճանապարհը: Այսինքն՝ մեր հարաբերությունները կառուցում ենք ամուր պատմական հիմքի վրա, և պատահական չէ, որ դեռևս 1988թ. Ավստրիան առաջիններից մեկն արձագանքեց մեզ պատուհասած աղետին՝ Շիրակում կառուցվեց ավստրիական թաղամաս, ավստրիական մանկական հիվանդանոց, և հիմա էլ Ավստրիան աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Սրանք պատահական չեն, որովհետև բազմաթիվ անուններ միահյուսում են մեր երկրների բարեկամության պատմությունը:

Ավստրիան մեզ համար չափազանց կարևոր է զարգացման իր փորձով, որովհետև մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության և առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում: Իհարկե, ինձ համար շատ կարևոր է, որ մենք Ավստրիայի հետ համագործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետև Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանը, թեև լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում:

Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլ ամսին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, և դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար: Իսկապես, շատ լավ է, որ մենք ինտենսիվ և արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Շատ ուրախ եմ, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել և վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը: Իհարկե, լավ կլինի, որ այստեղ ևս համագործակցությունը շարունակվի, բայց կուզենայի, որպեսզի օգնության, օժանդակության, ծրագրերից մենք տեղափոխվեինք նաև գործարար դաշտ: Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել ևս, որ Ավստրիան տիրապետում է և շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ նաև ջրի խելացի կառավարման խնդիրներով: Եվ սա կարող է լինել գործարարության շատ մեծ դաշտ, որովհետև Հայաստանն իր բնական կլիմայական պայմաններով ուղղակի հարաբերական առավելություն ունի այլ երկրների նկատմամբ, օրինակ` արևային էներգիայի ստացման բնագավառում:

Իհարկե, կցանկանայի, որպեսզի խոսեինք ԵԱՀԿ-ում առկա խնդիրների և ՄԱԿ-ում մեր հարաբերությունների մասին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին նման ձևաչափով խորհրդակցություններ նախաձեռնելու ու երկկողմ և բազմակողմ ձևաչափով այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկելու, առկա խնդիրները վեր հանելու և օպերատիվ ու արդյունավետ լուծումներ տալու հնարավորության համար: Նա իր զեկույցում մանրամասն անդրադարձել է Վիեննայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության առջև դրված խնդիրներին, ամփոփել վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ներկայացրել արդյունքները և դրանց հիման վրա ստեղծված այն նախադրյալները, որոնք ամուր հիմք են դարձել հայ-ավստրիական քաղաքական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Կիրակոսյանը խոսել է նաև առկա խնդիրների մասին, այդ թվում՝ միջազգային վերոնշյալ կառույցների հետ հարաբերություններում:

«Շնորհակալ եմ, մեծարգո՛ Նախագահ: Երկու պետությունների միջև ստեղծված է շատ լավ, լիարժեք իրավապայմանագրային դաշտ՝ ունենք համագործակցության քսան պայմանագրեր տարբեր ոլորտներում: Դրանց կեսը հիմնականում առևտրատնտեսական բնույթի պայմանագրեր են, ինչը նպաստում է մեր գերատեսչությունների և գործարարների ակտիվ մասնակցությամբ երկկողմ համագործակցությանը: Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես Նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաև 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան և համագործակցեն: Իհարկե, վերջին տարում գոհացուցիչ չեն առևտրաշրջանառության ծավալները: Այստեղ ուսումնասիրության կարիք կա, սակայն կարծում եմ բոլոր հնարավորություններն ունենք բարելավելու իրավիճակը:

Մյուս կարևոր հանգամանքը՝ անցյալ տարի մեզ հաջողվեց ստեղծել բարեկամական խումբ Ավստրիայի խորհրդարանում, որն առաջինն է մեր հարաբերությունների պատմության ընթացքում: Խորհրդարանում միշտ ձևավորված է եղել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի խումբ, որը, փաստորեն, չի աշխատել: Անցյալ տարվա դեկտեմբերին վերջնականացվեց այդ խմբի ձևավորումը, և այսօր Կանաչների կուսակցության ներկայացուցիչն է այն ղեկավարում: Այդ խմբի մեջ ընդգրկված են խորհրդարանի բոլոր կուսակցությունները:

Պետք է նշեմ, որ Ձեր այցելության ընթացքում բացվեց Վիեննայի «Հայաստան» կենտրոնը, որն առաջին նման կառույցն է Հայաստանի սահմաններից դուրս: Սա, իրոք, այն հազվագյուտ կենտրոններից է, որը մեր գերատեսչությունները նույնպես կարող են օգտագործել՝ Եվրոպայի կենտրոնում տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնելու համար:

Համառոտ կխոսեմ բազմակողմ գործառույթների մասին, որովհետև, ինչպես նշեցիք, շատ բազմաբնույթ են այդ գործառույթները՝ մեր ներկայացուցչությունը ներկայացված է բազմակողմ՝ և՛ ԵԱՀԿ-ում, և՛ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, ՄԱԿ-ի Թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի գրասենյակում: Շատ կարևոր է «Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությունը, որի հետ մենք արդյունավետ աշխատանք ենք իրականացնում: Կարևոր է նաև, և կարծում եմ առանձնակի կանդրադառնանք այդ թեմային՝ Ավստրիայում գործող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ համագործակցությանը: Անցյալ տարի ես ընդունված կարգով հանձնեցի հավատարմագիրը: Կարևոր է, որ այդտեղ ուսանեն նաև մեր երիտասարդները: Այդ ոլորտը շատ բարձր է գնահատվում և՛ Ավստրիայում, և՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում: Սա այն մարմինն է, որը մենք կարող ենք օգտագործել այդ ոլորտում երիտասարդների ուսման համար»,-ասել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29