Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ու շատ ժամանակակիցների մենք ճանաչում ենք Սարյանի դիմանկարների միջոցով». Ռուզաննա Սարյան

Փետրվար 26,2016 16:44

Փետրվարի 28-ին կլրանա անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի 136 ամյակը: Այս առիթով այսօր Սարյանի գործունեության, նրա թողած ժառանգության և նրա դերի մասին հայ և համաշխարհային արվեստում, խոսեցին Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը, Սոֆի Սարյանը, Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի տնօրեն Նվարդ Հակոբյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը :

Ռուզաննա Սարյանը նշեց, որ Սարյանը թողել է մեծ ժառանգություն, որը պետք է պահպանել, ու շարունակել նրա գործը. «Սարյան պորտրետիստը կարողացել է զարգացնել դիմանկարի ժանրը:Շատ ու շատ ժամանակակիցների մենք ճանաչում են Սարյանի դիմանկարների միջոցով.դրանք միայն նկարներ չեն: Այդ կտավները փոխանցում են բնորդի խառնվածքը»:

Թանգարանի տնօրենը հավելեց, որ Սարյանը իր առաջ դրել էր խնդիր`ստեղծել հայրենիքի կերպարը գեղանկարչության մեջ.«Նա ստեղծեց սարյանական Հայաստան և իր պատկերած Հայաստանը ճանաչվեց աշխարհով և դարձավ այցեքարտ: Նա կարողացավ պատկերել հայկական բնաշխարհը: Այսօր շատերը նայում են այդ բնաշխարհին հենց Սարյանի աչքերով»:

Տիկին Սարյանը փաստեց ,որ թանգարանն արդեն երեք տարի է, ինչ վերանորոգման փուլում է: Այժմ կատարվում են վերջին աշխատանքները. « Շենքը բավականին վթարային վիճակում էր, խաթարված էին հիմքերը, և կարևոր էր այն բերել վիճակի, որ գոնե ևս կես դար ծառայի իր նպատակին. լինել արժանի այն բովանդակությունն ու հարուստ ժառանգությունը ներկայացնելուն, որ Սարյան անունն է կրում»:

Սոֆի Սարյանն ավելացրեց, որ հիմա ժամանակն է`թանգարանը դառնա թանգարան. «Շատ կարևոր է ունենալ ժամանակակից թանգարանին բնորոշ բոլոր հարմարությունները: Կունենանք դահլիճ` համերգներ և հանդիպումներ կայացնելու համար: Շենքը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ստացանք նաև տարածք` ստեղծելու գրադարան, որը հետագայում կարող է դառնալ գիտական ուսումնասիրությունների կենտրոն: Կունենանք փոքրիկ խանութ, որտեղ կառաջարկենք հուշանվերները, գրքերը»:

Ինչպես հանդիպման ընթացքում նշեց Սոֆի Սարյանը` բացվելու է նաև Սարյանի տան բնակելի հատվածը. «Կբացվեն այն սենյակները, որտեղ վարպետը ապրել է, և մինչև վերջին ժամանակները ապրում էին նրա ընտանիքի անդամները: Հետաքրքիր կլինի ծանոթանալ նրա կենցաղին: Արվեստանոցում աշխատել ենք ոչինչ չփոխել, քանի որ փորձել ենք պահպանել մթնոլորտը` ցույց տալու, թե ինչպես են ծնվել նկարները»:

Պարոն Աղամյանն իր հերթին ասաց, որ վերանորոգման աշխատանքների միայն վերջին փուլն է միացել. «Շենքի ճակատային հատվածում փոփոխություններ եմ արել, նախագծել եմ նաև փոքրիկ խանութը: Մոտ օրերս կներկայացնենք մշակույթի նախարարին, որից հետո կիրագործենք նախագիծը»:

Վերջում Նվարդ Հակոբյանը տեղեկացրեց, որ ծննդյանը նվիրված միջոցառում տեղի կունենա փետրվարի 29-ին. «Միջոցառումը երկու մասից է բաղկացած լինելու: Առաջին հատվածը կլինի դպրոցում, որտեղ երեխաները կներկայացնեն Սարյանի կենսագրությունը, նրան նվիրված բանաստեղծությունները, փոքրիկ ներկայացում կլինի, իսկ միջոցառման երկրորդ հատվածը կլինի Կոմիտասի անվան պանթեոնում»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29