Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դինգո» թիմը փետրվարի 26-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի առաջ: Սակայն քաղաքապետարանը չարձագանքեց բողոքի ակցիային, եւ նրանք քաղաքապետարանին ամոթանք տալով երթով շարժվեցին դեպի կառավարության շենք:
Թիմի անդամները կառավարության շենքի դիմաց կրկին ընթերցեցին իրենց պահանջները: Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը շուտով դուրս եկավ կառավարության շենքից, սակայն, որոշ ժամանակ հետեւում էր ակցիային եւ չէր մոտենում: Շուտով նա շարժվեց դեպի ավտոկանգառը, որի առջեւ եւ հավաքված էին ցուցարարները: Վերջիններս էլ սկսեցին նրան խնդրի մասին հարցեր տալ, Ղազարյանն էլ հետաքրքրվեց՝ «Ինչո՞ւ շունը պետք է հարձակվի երեխայի վրա», ցուցարարներն էլ հակադարձեցին, որ ոչ մի դեպք չի գրանցվել:
Կարդացեք նաև
«Եթե իմ երեխայի վրա շունը հարձակվեց, ոչ թե «Յունիգրաֆը», այլ ես ինքս կսատկացնեմ այդ շանը»,- հայտարարեց Ղազարյանը: Ցուցարարներն էլ պատասխանեցին, որ առաջինը Ալեքսանդր Ղազարյանը պետք է պատժվի, որ նոր շենքում գտնվողները պատժվեն, եւ սկսեցին ամոթանք տալ նրան: Ալեքսանդր Ղազարյանը հեռացավ:
«Ինքն ուղղակի արժանի չի, որ մենք իր հետ խոսենք»,- հայտարարեցին «Դինգո» թիմի անդամները եւ սկսեցին «Ամոթ» վանկարկել: «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշակյանը հայտարարեց, որ հենց վաղը կազմակերպությունը գրավոր դիմում-պահանջ կներկայացնի, որպեսզի կարողանան հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Մենք բոլորս հասկացանք, որ այսօրվա դրությամբ անգամ կառավարության աշխատակիցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա թքած ունեն: Ամոթ իրենց: Այս ամենը հենց այսօր երեկոյան կտարածվեն միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների մոտ, կլուսաբանվեն տարբեր երկրներում, տարբեր կազմակերպություններ արդեն իսկ ուզում են համագործակցել մեր կազմակերպության հետ»:
Շուտով Ալեքսանդր Ղազարյանը կրկին դուրս եկավ, ցուցարարները նրան ներկայացրեցին որոշ լուսանկարներ, վերջինս էլ ցույց տվեց իր մեքենան, որը ըստ նրա վնասել են շները: Սակայն, ցուցարարները թերահավատորեն մոտեցան այդ մտքին՝ պատճառաբանելով, որ շունը երկաթ չի կրծի: Ղազարյանը ներկաներին խորհուրդ տվեց գրավոր դիմել կառավարությանը, Գոհար Մանուշակյանը պատասխանեց. «Դուք մի անգամ բոլորի մոտ խոսք տվեցիք, որ այս հարցը ընթացք կստանա, մենք գրավոր Ձեզ հանձնեցինք, բայց Դուք ոչ մի պատասխան չտվեցիք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ