Քաղաքացի Ավետիք Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Երևան քաղաքի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Ավետիք Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 20-ին հրդեհվել է իր հանգուցյալ եղբոր կնոջը պատկանող հողատարածքում գտնվող ծառերը, որի կապակցությամբ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստված նյութերը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հետագայում, երբ ինքը ծանոթացել է մերժված նյութերի փաստաթղթերին, պարզել է, որ հիշյալ տեսչության ծառայողի կողմից իր փոխարեն գրվել է իրականությանը չհամապատասխանող կեղծ բացատրություն և համաձայնագիր:
Ավետիք Շ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն