Այսօր առավոտյան Րաֆֆու փողոցը փակած «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ դեռ ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ իրենց պայքարը շարունակելու մեթոդների վերաբերյալ:
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ բողոքող տոնավաճառի աշխատակիցներին չբավարարեց տոնավաճառի տնօրինության պատասխանը: Ըստ էության, տնօրինությունը մերժեց վարձավճարներն իջեցնելու աշխատակիցների պահանջը: Տոնավաճառի առեւտրականները քննարկում են՝ վաղվանից շարունակել աշխատել ու համատարած չվճարե՞լ, թե ՞ ընդհանրապես դադարեցնեն առեւտուրը ու պայքարեն բողոքի ակցիաների ճանապարհով:
Տոնավաճառի շրջակայքում մեծ թվով ոստիկաններ են, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ փորձում էր առեւտրականներին օգնել իր խորհուրդներով:
Կարդացեք նաև
«Ես լավատես եմ, գիտեմ, որ լավ է լինելու»,-այսպես Երեւանի փոխոստիկանապետն արձագանքեց ցուցարարներին:
«Հարյուր տարվա կանգնողներ ենք, ասում են թողեք գնացեք, բայց ինչու գնանք»,-դժգոհում էր տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
«Եթե տնօրինությունը մեզ չընդառաջի, ի՞նչ անենք»,- Վալերի Օսիպյանին հարցրեց մեկ այլ աշխատակից:
«Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ոնց անեք, որ դա լինի եւ բոլորիդ շահերից եւ օրենքի շրջանակներում, սահմանադրական ճանապարհով փորձեք պայքարել»,- խորհուրդ տվեց Վալերի Օսիպյանը:
Մի տղամարդ էլ փոխոստիկանապետին ասաց, որ տնօրինությունից են իրեն ասել, որ վերեւներից փայատերերը թույլ չեն տալիս վարձավճարներն իջեցնել. «Տնօրենը մեղավոր չէ, վերեւում մարդ կա փայատեր, որ սենց նստած ուտում է սաղիս, ինձ է ասել, կարող եմ հրապարակային էլ հայտարարել, որ էս մարդն ասում է՝ վերեւներից չեն թողնում իջեցնեն գները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ