«Որ Հայաստանի Հանրապետության պետականությունը քանդող հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիան է, անպայման պիտի նշեմ`սերտաճած մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցողների չարաշահումներով, տնտեսության մեջ, դա պարզ ճշմարտություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանն`անդրադառնալով Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ԳՐԵԿՈ խմբի`երեկ Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցին:
Զեկույցում փաստվում է, որ Հայաստանում դատական համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը. «Բազմաթիվ են հաղորդումները, որ դատական ատյանները կախված են ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաներից, այլև ավելի բարձր ատյանների դատավորներից: Մյուս կողմից, լուրջ մտահոգություններ կան դատավորների վրա կաշառքով և նվերներով ազդելու հնարավորության վերաբերյալ»:
Հիշեցնելով, որ Հայաստանի դատական համակարգի անկախության մասին լուրջ մտահոգություններ են հայտնել նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, Վենետիկի հանձնաժողովն ու Հայաստանի օմբուդսմենը՝ ԳՐԵԿՈ խումբը կոչ է անում ոչ միայն զերծ պահել համակարգն անհարկի միջամտություններից, այլև նվազեցնել Հանրապետության նախագահի դերը դատավորների առաջխաղացման ու պաշտոնանկության գործընթացում, պահանջել, որ վերջինս գրավոր փաստարկներ ներկայացնի իր որոշումների համար, ինչպես նաև հնարավորություն տալ դատավորներին բողոքարկել պետության ղեկավարի այդ որոշումները: Զեկույցում հատուկ անդրադարձ կա նաև գլխավոր դատախազի նշանակմանը:
«Հայաստանում դատական համակարգի հանդեպ վստահության-անվստահության մասին կարող է փաստել ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, եթե նույնիսկ չվերցնենք պարբերաբար հրատարակվող միջազգային տարբեր կազմակերպությունների մոնիտորինգային զեկույցները, որոնցում երբեմն նույնիսկ մեր դատական համակարգի վերաբերյալ գնացուցակներ են հրապարակվում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազի նշանակմանը վերաբերվող ԳՐԵԿՈ-ի դիտողության առիթով էլ նկատեց, որ ինքը խորհրդարանում գործող գլխավոր դատախազի նշանակմանը «դեմ» է քվեարկել, այդպիսով իր անհամաձայնությունը եւ վերաբերմունքը արտահայտելով մեր դատախազական համակարգի, խորհրդարանում, գլխավոր դատախազի ներկայացրած դրույթների վերաբերյալ:
Իսկ նշանակման կարգի վերաբերյալ էլ հավելեց. «Կարգն ինքնին տրամաբանական է, խոսքը նախկինի մասին է, քանի որ այժմ այլ կառավարման իրողության մեջ ենք, երբ երկրում չի գործում քաղաքական մենաշնորհը: Երբ նախագահը ներկայացնում է որեւիցե թեկնածություն եւ խորհրդարանն, իբրեւ որպես անկախ օրենսդիր մարմին կատարում է իր քվեարկությունը, կարող է լինել հասկանալի: Բայց սա այն պարագայում, երբ նախագահը չի տիրապետում քաղաքական մեծամասնությանը»:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավորները մեզ հետ զրույցներում առայժմ հրաժարվեցին մեկնաբանություններից` պատճառաբանելով, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ զեկույցին: Նրանք կխոսեն ավելի ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ