Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կալանավորները քնում են հերթափոխով, դաժան պայմաններ են». Զարուհի Փոստանջյան

Փետրվար 26,2016 15:15

«Վարդգես Գասպարին Գեւորգ Սաֆարյանի հետ պահվում է նույն խցում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որն այցելել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Գասպարին Զարուհի Փոստանջյանին պատմել է, թե ինչպես են իրեն վերաբերվել բանտում, ծեծել: Զարուհի Փոստանջյանը վստահեցրեց, որ քննիչը հիմք չի ունեցել հոգեբուժական փորձաքննության ենթարկելու Վարդգես Գասպարիին:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այդ նույն քննիչն է միջնորդել, որ Գեւորգ Սաֆարյանը մնա կալանքի տակ, հետեւաբար սա հիմք է տալիս ասելու, որ հրահանգված է, կոնկրետ քննիչներ ունեն դրա համար:

Մենք հետաքրքրվեցինք ՝ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում էր, որ մասնագետները միայն կարող են գնահատել՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ ու երբ դա անում են քաղաքական գործիչները՝ իրենց շահի համար են հայտարարում, դա անաչառ գնահատական չէ: Հիմա դուք ի՞նչ շահ ունեք, որ հայտարարում եք՝ Գասպարին քաղբանտարկյալ է՝ նա պատասխանեց. «Այդ նույն հոդվածով, որ առաջադրվել է Վարդգես Գասպարիին, ինձ էլ է եղել նման մեղադրանք, որ հրաժարվեմ իմ պարտականություններից եւ հրաժարվեմ իմ պաշտպանյալներին պաշտպանել Մատաղիսի գործով: Շահը հետեւյալն է՝ եթե 11 տարի առաջ կար խնդիր, այսօր էլ այդ խնդիրը կա: Ես ունեմ շահ, այո, որպես ՀՀ քաղաքացի, եւ որպես իմ մասնագիտական գործունեությունը ծավալող փաստաբան: Ունեմ շահ, որ ՀՀ-ում ստեղծվի այնպիսի քաղաքական մթնոլորտ, որ որեւէ մեկը իր խոսքի ազատության համար չհետապնդվի»:

Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ «Եթե դատական համակարգը վերից վար կոռումպացված է, այդտեղ գործում է կաշառքի համակարգը, այդ դատավորին դու ինչ էլ ասես՝ համապատասխանում է իրականությանը: Եթե մի մարդ ունի մականուն, մականունը կարող է լինել տգեղ, բայց այդ մարդուն այդպես են ճանաչում, հետեւաբար, եթե մականունով են դիմում, դա վիրավորանք չպետք է դիտարկվի»:

Հետեւաբար, ըստ նրա, Գասպարիի արտահայտություններն էլ ուղղված դատավորին վիրավորանք չեն, հասարակության 99 տոկոսն է այդ կարծիքին դատավորների մասին:

Փոստանջյանը պատմեց նաեւ, թե ինչ պայմաններ են բանտախցում, որ 20 հոգուց ավելի մի խցում են՝ տարբեր կրթական ցենզ ունեցող, տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ՝ սպանություն, թմրամիջոցների առեւտուր, բոլորը խոսում են, աղմուկ է, հեռուստացույցը 24 ժամ միացած, 8 ժամ չեն կարողանում քնել. «Այնպիսի դաժան պայմաններ են, որ դու չես զգում ժամանակը: Մարդը հնարավորություն չունի լիարժեք 8 ժամ քնել, քնում են հերթափոխով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29