Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Համասյանն իր վերնաշապիկն է աճուրդի հանել

Փետրվար 26,2016 15:10

Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնությունն արդեն մեկ ընտանիքի բնակարանի գումար ձեռք է բերել:

Այսօր «Հայացք» ակումբում նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն ասաց, որ բրիտանական կայքերից մեկի հետ համագործակցության արդյունքում մինչեւ մարտի քսանը պետք է հավաքվեր 120.000 ֆունտ ստերլինգ, նախանշվածից ավելի քիչ փոխանցումների դեպքում փոխանցված գումարները կայքը կսառեցնի ու կվերադարձնի վաճառած անձանց: Ըստ նրա, 120.000 ֆունտ ստերլինգից հավաքվել է միայն 30.000 ֆունտ ստերլինգ, իսկ այլընտրանքային աղբյուրների միջոցով նախաձեռնությանն է փոխանցվել 15.000 դոլար:

«Երեք տարի առաջ անօթեւան մարդկանց ֆոտոշարք արեցինք՝ մտածելով, որ իշխանությունները քայլեր կանեն, բայց երեք տարի է՝ ոչ մի առաջընթաց չեղավ: Այս տարի դրամահավաք կազմակերպեցինք տասներեք անօթեւաններին տներով ապահովելու համար: Այդ ընտանիքներում գիշերները չեն կարողանում քնել, որովհետեւ առնետները երեխաների վրայով են անցնում, կան ընտանիքներ, որոնք դեռ դույլերի մեջ են զուգարան գնում կամ դույլերի մեջ հավաքված սառույցը հալեցնում են, որ ջուր ունենան խմելու: Այս իրավիճակը իշխանության անգործության հետեւանքով է: Խնդիրը տասներեք անօթեւանների մասին չէ, անօթեւան ընտանիքները շատ ավելի շատ են…Մեկ տան գումար արդեն ունենք»:

Ըստ նրա, Գյումրիում մեկ սենյականոց միջին նորոգված բնակարանը 7-10 հազար դոլար է:

«Երևանը Գյումրիի կողքին է» դրամահավաքի կազմակերպիչներ Մաքսիմ Սարգսյանը և Լևոն Զաքարյանն էլ ասացին, որ առաջիկայում անօթեւանների բնակարանների լուծման ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ են նախաձեռնել: Վաղը Հյուսիսային պողոտայում դրամահավաքով կսկսվի ու կշարունակվի հայտնի մարդկանց իրերի աճուրդ վաճառքով: Ավագ ու կրտսեր Ջուլֆալակյաններն իրենց իրերն են փոխանցել, կան այլ հայտնի մարդկանց ստորագրությամբ իրեր:

Առաջիկայում հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանն էլ մենահամերգ կունենա Գյումրիում անօթեւանների տնակների հարեւանությամբ ու այդ ընթացքում էլ դրամահավաք կանցկացվի: Համասյանը աճուրդի է տվել նաեւ իր վերնաշապիկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29