Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանն ընդունում է ԳՐԵԿՈ-ի դիտողությունները

Փետրվար 26,2016 15:07

«Մեծ իմաստով, այնուհանդերձ, մեզ չի հաջողվել ապահովել սահմանադրական այն դրույթը, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռներեցությամբ կամ պատգամավորը, բացի գիտամանկավարժական, դասախոսական գործունեությունից, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ անգամ լրատվամիջոցներն են սովորական դարձրել «գործարար-պատգամավոր» դարձվածքի օգտագործումը: Այդպիսով, ըստ նրա, արձանագրելով իրականությունը, լրատվամիջոցները միաժամանակ դա դարձնում են սովորական մի բան, մինչդեռ այն արտառոց պետք է դիտարկել:

Պարոն Հարությունյանի հետ խոսակցության առիթը Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ԳՐԵԿՈ խմբի`երեկ Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցն էր: Ըստ այդմ, կոռուպցիան Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից է շարունակում մնալ, թեեւ տարիներ շարունակ պայքարի առաջնահերթություններից եղել կոռուպցիան:

Զեկույցում, մասնավորաբար, ասված է. «Տարիներ առաջ խորհրդարանում ընդունվեցին էթիկայի կանոններ, սակայն, դրանք դեռևս մշուշոտ են և անարդյունավետ, թեև ԳՐԵԿՈ խումբը շարունակաբար ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմ սահմանել խորհրդարանում շահերի բախումից խուսափելու, բիզնեսն ու օրենսդիր աշխատանքը տարանջատելու, նվիրատվություններն ու արտոնությունները կանխելու համար»:

Զեկույցում անբավարար է գնահատվում նաև խորհրդարանում ստեղծված Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը, ընդգծելով` մինչև օրս որևէ պատգամավորի դեպքում չի արձանագրվել, թե նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն դեպքում, որ անգամ որոշ պատգամավորներ եվրոպացի փորձագետների հետ զրույցում պնդել են, թե Հայաստանի խորհրդարանում ընդունված պրակտիկա է այլ գործով, այդ թվում` բիզնեսով զբաղվելը: Այս մեղադրանքը Հայաստանի իշխանությունները հերքել են:

Մեկ քայլ առաջ համարելով խորհրդարանում Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը` կոռուպցիայի դեմ պայքարող խումբը միաժամանակ ընդգծում է, որ դրա աշխատանքը ավելի վստահելի կլինի, եթե պատգամավորների դեմ հայցերը քննեն ոչ թե գործընկեր-օրենսդիրները, այլ անկախ մարմին, որը կունենա նաև համարժեք պատիժ սահմանելու հնարավորություն:

Խոսրով Հարությունյանը գտնում է, որ արժե այս ամենի մասին խոսել, բայց ոչ թե խոսելու համար, այլ շատ գործնական համակարգեր ձեւավորելու, այդ թվում նաեւ օրենքով, որոնք կերաշխավորեն նման շահերի բախումը: Նա միջազգային, նույն արեւմտյան փորձից է օրինակներ բերում`մատնացույց անելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպին, որը միլիարդատեր է. «Հետեւաբար, խնդիրը ոչ թե պետք է դնել, որ բիզնեսով զբաղվող մարդը չի կարող մտնել քաղաքականություն, այլ ինչպե՞ս անել, որ նրա բիզնես-հետաքրքրություններն իր քաղաքական գործունեության ընթացքում չդառնան առաջնային եւ իր քաղաքական գործունեությունը չծառայեցնի իր բիզնես-նպատակներին»:

Այս համատեքստում, մեր զրուցակիցը կարեւորում է հավատարմագրային կառավարման ինստիտուտների կայացումը, որոնք մեզանում դեռ շատ են կաղում: «Հետեւաբար, սրանք հարցեր են, որոնք միայն էթիկայի հանձնաժողովը չի կարող որոշել: Միգուցե էթիկայի հանձնաժողովը կարող է լինել այդ հարցերը բարձրացնողներից, նախաձեռնողներից մեկը, բայց մեկը, ոչ թե միակը: Ենթադրել, որ էթիկայի հանձնաժողովը պետք է այս բոլոր խնդիրների լուծումները տա`ես այդ կարծիքին չեմ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա նաեւ ժամանակավրեպ է համարում թեզը, որ էթիկայի հանձնաժողովում պատգամավորների դեմ հայցերը քննեն ոչ թե գործընկեր-օրենսդիրները, այլ անկախ մարմին, որը կունենա նաև համարժեք պատիժ սահմանելու հնարավորություն: «Մենք հիմա զբաղվում ենք հաշվեքննիչ պալատի օրենսդրությամբ. միջազգային պրակտիկայում շատ տարածված է եւ հաշվեքննիչ պալատն էլ իր գործառույթների մեջ ունի նաեւ իշխանության տարբեր թեւերում շահերի բախման դրսեւորումների ուսումնասիրությունը: Միգուցե, հետագայում, այդ օրենսդրությունը զարգացնելով, մենք ա՞յդ ճանապարհով լուծումների գանք: Բայց մի բան հստակ է`շահերի բախումը պետք է ապահովել համակարգային լուծումներով, միայն ցանկությունները բավարար չեն»,- կարծում է իշխող ուժի ներկայացուցիչը`նկատելով, որ նախկին եւ ներկայիս խորհրդարանում պատգամավորների գործարարությամբ զբաղվելու միտումը չի ավելացել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29