Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լուսավոր ֆիլմ է ստացվել». Մկոն՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի մասին

Փետրվար 26,2016 14:51

Մարտի 3-ից բոլոր կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը (Մկո) և Իվետա Մուկուչյանը:

«Ֆիլմը տաքսի վարող մի տղայի մասին է: Մեքենան, որը հատուկ ստեղծվել է ֆիլմի համար, հասարակ մեքենա չէ. տղայի հայրը տարիներ առաջ «Երազ» գործարանում է աշխատել, հենց առաջին «Երազ»-ի ստեղծողն է: Մեքենայի նախագիծը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի հաստատվել Մոսկվայի կողմից, և չեն ընդունել այն: Հայրն էլ այն նվիրել է տղային՝ Աղասիկին: Վերջինս իր տաքսիով ընկնում է մի պատմության մեջ, որից լիովին փոխվում է նրա կյանքը»,- «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» մասնաճյուղում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմը համառոտ ներկայացրեց Մկրտիչ Արզումանյանը:

«Կարծում եմ՝ շատ լուսավոր ֆիլմ է ստացվել,- շարունակեց նա.- հրաշալի թիմ հավաքվեց. այնքան վստահելի ու տաղանդավոր մարդիկ են, որ նրանց հետ կարելի է գնալ տիեզերք ու հասնել անգամ ամենահեռու մոլորակին: Հուսով եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի»:

MkoԴառնալով Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությանը՝ Մ. Արզումանյանը նշեց, որ նրան ընտրել են՝ խառնվածքը հաշվի առնելով և մինչ նրա՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցության մասին պարզ լինելը. «Մտածեցինք, որ ոչ մեկը նրանից ավելի լավ չի մարմնավորի այդ դերը: Միակ մտավախությունն այն էր, որ Իվետան երբեք այս ժանրի ֆիլմում չէր նկարահանվել, բայց նա շատ պատրաստակամ աշխատեց: Ես հաճելի զարմանք ապրեցի, երբ տեսա, թե ինչ տաղանդավոր ու աշխատասեր մարդ է, և չնայած նրա գերծանրաբեռնվածությանը՝ մենք ամեն փորձի մեծ քայլերով առաջ էինք գնում: Իսկ վերջում հասկացա, որ միասին արել ենք առավելագույնը և ստացել ենք այն, ինչ ուզում էինք»,- նշեց Մ. Արզումանյանը:

Ինչ վերաբերում է ֆիլմի փառատոնային լինել-չլինելուն, նա նշեց, որ եթե որևէ փառատոնի ներկայացնեին նաև կատակերգական ֆիլմեր, իրենք վստահ կներկայացնեին այն. «Եթե ֆիլմը նույնիսկ ճապոներեն թարգմանվի, դարձյալ ընկալելի կլինի, և օտար հանդիսատեսը նույն կերպ կարձագանքի, ինչ հայ հանդիսատեսը: Ֆիլմը դիտելիս նա միայն դրական լիցքեր է ստանալու, քանի որ այն սիրո, նվիրվածության, քաջության մասին է»,- նշեց Մ. Արզումանյանը և ավելացրեց, որ ֆիլմը տարիքային որևէ սահմանափակում չունի: Իրենք հատուկ ուշադրություն են դարձրել նրան, որ ֆիլմում գռեհկություններ չլինեն, և չկա այնպիսի կադր, որից հանդիսատեսը կարող է նեղսրտել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Մի քիչ համեստ եղեք, մկո, դա էլ թույլ տվեք հանդիսատեսն ասի՝ լուսավոր ֆիլմ է, թե անլույս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29