Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Կոկա-կոլա» ընկերությանը տուգանեց 50 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար:
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության ներկայացրած բողոքի հիման վրա:
«Կոկա-կոլա»- ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար, մասնավորապես, ինչպես ներկայացվեց այսօրվա նիստում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի սննդի սպասարկման 11 տնտեսվարողները հրաժարվել են ձեռք բերել եւ իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի-կոլա», ընդ որում, սննդի այդ 11 կետերում էլ «Կոկա- կոլայի» պակաս չի եղել: Հանձնաժողովը տնտեսվարողներից պահանջել է ներկայացնել «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները, որոնք ՏՄՊՊՀ-ի համար արժանահավատ չեն: Տնտեսվարողները պատճառաբանել են, որ իրենց տարածքը սահմանափակ է, չեն կարող այլ ապրանք եւս իրացնել: Նրանք նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջված է «Կոկա-կոլան»: Սակայն, հանձնաժողովը պարզել է, որ այդ օբյեկտներում ներկայացված են եւ իրացվում են շատ ավելի փոքր պահանջակ ունեցող եւ շատ ավելի քիչ եկամուտ ապահովող տարատեսակ այլ ըմպելիքներ: Բացի այս, նշված ընկերություններում առկա էին տարածքներ, որտեղ կարող էին նաեւ «Պեպսի-կոլա» ապրանքն էլ ներկայացնել:
«Կոկա կոլան», ինչպես ներկայացվեց նիստում, շուկայում գործող բազմաթիվ տնտեսվարողներին պարտադրել է իրացնել միայն իր արտադրանքը, այս պարտադրանքը դրսեւորվել է տարբեր ակցիաների, զեղչերի միջոցով, անհատույց սառնարաններ ու տարբեր տեսակի գույք տրամադրելով:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ հանձնաժողովի, «Կոկա-կոլա»-ն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել շուկայում: Այսպիսով, ընկերությունը «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր»-ի ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա տուգանվեց 50 միլիոն դրամով:
ՏՄՊՊՀ-ն առաջիկայում պետք է ուսումնասիրի նաեւ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը, պարզելու՝ արդյոք «Կոկա կոլա»-ի՝ մրցակցային իրավախախտումները նաեւ «Պեպսի-կոլան» էլ թույլ չի տալիս:
Նշենք, որ այսօր նիստին ներկա չէին այս 2 ընկերությունների ներկայացուցիչները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ