Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լևոն Մկրտչյան. որպես ԵՊՀ դասախոս անձամբ եմ զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա

Փետրվար 26,2016 14:02

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ.

«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության Նախագահի  վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը,  շեշտելով, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը. «Դժվարությամբ  իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել,  ժամանակն է, որ մտածենք   բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մասին: Կրթական  հիմնական  բարեփոխումները եղել են  համապատասխանության և որակի ծրագրեր:

Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք  տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության  որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք  և համատեղ ջանքեր է  պահանջում:

Նախարարն առանձին անդրադարձել է կրթության բոլոր աստիճաններին` մանրամասնելով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները: Լ. Մկրտչյանն  այս համատեքստում հատուկ  ընդգծել է  հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների, բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսի ծրագրի արդյունավետության բարձրացումը. «Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է: Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին,  այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»,-  ընդգծել է Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ որպես ԵՊՀ դասախոս անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը,   առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի:

ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29