Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին»

Փետրվար 26,2016 13:26

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել Երևանի գլխավոր ճարտարապետը, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցները: Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն էին: Քաղաքապետը հերթական անգամ, որպես առաջնահերթություն, բարձրացրել է Երևանի պատմամշակութային շենքերի ժառանգության և դրանց պահպանման խնդիրը:

«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ և նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երևանի հին շենքերի պահպանման մասով և մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլև պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու որպես միջնորդ, այս դեպքում, պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր և խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, ովքեր իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն կարող են, այլև պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Ընդ որում, անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում. ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաև ծայրամասերում:

«Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին: Եվ հետո, Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ», – ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ թե՛ ինքը և թե՛ Երևանի քաղաքապետարանը երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, բայց անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ, տրամադրված շատ շինթույլտվություններ և ներկայում խնդրահարույց բազում որոշումներ ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում:

«Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքաշինությանն ու քաղաքի արտաքին տեսքին վերաբերող հարցերը մեր համաքաղաքացիների համար կարևոր են, և այս հարցում ցանկություն կա ուղիղ մասնակցել որոշումների կայացմանը: Ուրեմն մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն և հանրության մասնակցություն. լինի դա համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երևանցին պե՛տք է մասնակցի իրեն հուզող հարցերի քննարկմանը», – նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ նման հարցերի բազմակողմանի լուսաբանման հետ կապված ԶԼՄ-ների հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, քանզի աղճատված ու միակողմանի նյութերը վնասում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև հենց երևանցիներին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29