Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրով 2012թ.-ից հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով:
Ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրի նախաձեռնող «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը մեծ աշխատանք է կատարել` մեր երկրում հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության ոլորտում. «Կառավարությունը մեծապես կարեւորում է աշխատունակ հաշմանդամություն ունեցողների զբաղվածության ապահովումը: Զբաղվածության պետական գործակալությունում իրականացվում է հաշմանդամություն ունեցողների կարողությունների գնահատում` հասկանալու համար, թե աշխատատեղերի ինչպիսի հարմարեցում պետք է կատարել»:
Ասատրյանը տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ երեկվանից նախարարության կայքում տեղադրված է այն պետական կազմակերպությունների ցանկը, որոնք հաշմանդամություն ունեցողների համար պետք է համապատասխան պայմաններ ապահովեն. «Սահմանված է, թե հաշմանդամություն ունեցող քանի անձ պետք է անցնի աշխատանքի առաջիկա մեկ տարում: Ուշադրություն ենք հրավիրելու, որ քվոտայի պահանջները կատարելու ուղղությամբ պետական կառույցները պետք է աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց: Նախարարությունը կատարել է պահանջը եւ շարունակելու է կատարել: Եթե չեմ սխալվում` 13 հաշմանդամություն ունեցող աշխատակից ունենք: Հաջորդ տարի նշյալ ցանկում կներառվեն նաեւ ոչ պետական գործատուները»:
Նախարարը նաեւ նշեց, որ Զբաղվածության պետական գործակալությունում հաշվառվածներից մոտ 2500-ը հաշմանդամություն ունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ