Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամյանը քաղբանտարկյալ միայն իրենց է համարում ու պատմում բանտում իր կտտանքների մասին (Տեսանյութ)

Փետրվար 26,2016 12:53

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա եւ չի եղել, բացի իրենցից:

Հարցին՝ Վարդգես Գասպարին ձեր կուսակցության համար քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:

Նա պատասխանեց, որ Եվրոպայի խորհրդում չափորոշիչներ կան, դա պետք է գնահատեն անաչառ մասնագետները, ոչ թե քաղաքական գնահատականներ տան. «Այդ չափորոշիչներին եթե համապատասխանի՝ քաղբանտարկյալ կհամարվի: Համապատասխան մարմինները գնահատական կտան, ոչ թե ով երբ ուզենա՝ իր քաղաքական ենթատեքստերով ելնելով որոշի, թե ով ինչ բանտարկյալ է»:

Լրագրողները ճշտեցին՝ երբ 90-ականների սկզբին ՀՅԴ-ականներն էին հայտնվել ճաղերի ետեւում, միջազգային կառույցնե՞րն էին գնահատական տվել, որ դուք քաղբանտարկյալներ էիք՝ նա պատասխանեց. «Այն ժամանակ չկային այն չափորոշիչները, որ այժմ գործում են, այն ժամանակ, երբ մենք բանտերում էինք, Հայաստանը ԵԽ անդամ էլ չէր, եւ դա էր երեւի սանձազերծել իշխանություններին, որ ինչ ուզենային՝ անեին: Եթե այսօրվա գնահատականները հիմք վերցենք՝ միանշանակ քաղբանտարկյալ ենք, բա քաղբանտարկյալները էլ ո՞նց են լինում: Ես բանտարկվում եմ մահապատժի ենթակա երկու հոդվածներով, գումարային 65 տարով, հետո դատարանը վերաորակավորում է, փոխում է պատժամիջոցները եւ 3 տարի է որոշվում պատիժը: Անգամ այդ հանգամանքը պարզ դիտակետից նայելով, պարզ է, որ քաղաքական դրդապատճառներ են եղել»:

Արմեն Ռուստամյանը պատմեց, թե ինչ խոշտանգումների են իրենց ենթարկել բանտերում. «Սանձարձակ գործում էին: Պաշտպանի ամիսներով չես տեսնում, տեսակցություն չես ունենում, չեն հանում զբոսանքի, լողանալ չեն թողնում…այս ամենը փաստեր են, բայց այն ժամանակ, դժբախտաբար, չկար չափորոշիչ: Ես չեմ էլ արդարացել, համարել եմ, որ պայքարել եմ իշխանությունների դեմ, կոչեր եմ արել: Եթե արդարանայի, դուրս կգար, որ ես էդ կոչերը չեմ արել՝ լավ էլ արել եմ, լավ էլ պայքարել եմ, նստել եմ եւ դրա համար չեմ զղջում: Մի հատ էլ լինի՝ նույնը կանեմ»:

Նա հայտարարեց, որ դրանից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալ չի եղել: Մենք ճշտեցինք՝ 2008-ի մարտի 1-ից հետո՞ էլ չի եղել՝ նա պատասխանեց. «Ոչ: Ո՞վ է որոշում, որոշման չափորոշիչ կա: Նման ցանկ չկա: Միակ երկիրը, որ հայտարարված է, որ քաղբանտարկյալ ունի, դա Ադրբեջանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29