Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Թամանյան. ինստիտուտների միավորմամբ այլեւս Թամանյանի թանգարանն այն արժեքը չի ունենա. «Հայոց աշխարհ»

Փետրվար 26,2016 12:34

Զրուցեցինք Ալ. Թամանյանի թանգարանի ներկայիս տնօրենի, ճարտարապետի ծոռան` ՀԱՅԿ ԹԱՄԱՆՅԱՆԻ հետ, որն իր մտահոգությունը հայտնեց երկու թանգարանների միավորման կապակցությամբ` նշելով, որ այդ կերպ հնարավոր է ձեւավորված թանգարանում, որն իր նյութով ու ծավալով շատ ավելի ընդարձակ է, Թամանյանի տեղն ու նշանակությունը նսեմացվի. «Ես մտավախություն ունեմ, որ այդ դեպքում ավելի քիչ կզբաղվեն Ալեքսանդր Թամանյանի հանրահռչակմամբ, արխիվների ուսումնասիրմամբ եւ ցուցադրմամբ՝ ավելի շատ զբաղված լինելով թանգարանում պահ տված այլ ճարտարապետների ժառանգությամբ:

Ամեն դեպքում ժամանակից առաջ չընկնենք: Ամեն ինչ կախված է տնօրինության քաղաքականությունից` ճարտարապետի դերը թանգարանում կնսեմացվի՞, թե՞ կընդգծվի»:

Անդրադառնալով հորեղբոր նամակին` Հայկ Թամանյանը նշում է, որ չի կարծում, թե հատուկ միտում կա ճարտարապետի թանգարանը վերջնականապես վերացնելու, սակայն ինքն էլ հակված է մտածելու, որ ինստիտուտների միավորմամբ այլեւս Թամանյանի թանգարանն այն արժեքը չի ունենա, որն ունի այսօր` որպես առանձին հաստատություն. «Այդ փոքր թանգարանը կձուլվի մեծին, կտարրալուծվի եւ ակնհայտորեն կվնասի ճարտարապետի ունեցած հեղինակությանը: Այնպես որ այնքան էլ հավանություն չեմ տալիս այդ գաղափարին»:

Ի դեպ, եթե քաղաքաշինության նախարարության որոշումն արժանանա կառավարության հավանությանը, ապա Հայկ Թամանյանը կշարունակի ընդլայնված թանգարանում աշխատել որպես փոխտնօրեն: Համենայն դեպս, ինչպես ինքն է նշում, իրեն նման առաջարկ արվել է: Ճարտարապետի ժառանգը դեմ չէ այդ նշանակմանը, կարծում է, որ կհամաձայնի դրան, մանավանդ որ ինքը թանգարանի գործունեության երկար տարիների ընթացքում մեծ ավանդ է ունեցել դրա կայացման ու զարգացման գործում եւ ափսոսում է այդ ամենը թողնել ու հեռանալ:

Հարկ է նշել նաեւ, որ գործունեության 15 տարիների ընթացքում Թամանյանի թանգարանը, ինչպես իրավացիորեն նկատում է ճարտարապետ ԼՅՈՒԲԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ. «Ուղղակի գոյություն է պահպանել, եւ այն առաքելությունը, որ վերապահված էր նրան, չէր կատարում ըստ պատշաճի»:

Ի տարբերություն ճարտարապետության ազգային թանգարանի` այն բավական պասիվ հաստատություն է, որտեղ միջոցառումներ ու ցուցահանդեսներ գրեթե չեն անցկացվում, գիտական ուսումնասիրություններ չեն կատարվում, արխիվային փաստաթղթերն ու նյութերը որեւէ գրքով չեն հրատարակվում, ինչին սովորաբար կոչված են թանգարան-ինստիտուտները: Լյուբա Կիրակոսյանի համոզմամբ` միավորման նախաձեռնությունն ակնհայտորեն Թամանյան տիտանի գործի արժեւորման եւ հանրահռչակման լավագույն սկիզբ է: Ուրեմն ողջունել է պետք եւ աշխատանքային բարի երթ մաղթել, ոչ թե լուտանքներով ընդունել:

Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ նույնպես կարծում է, որ թանգարանների միավորումը երկու հաստատությունների աշխատանքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու լավ հնարավորություն է` հաշվի առնելով դրանց հատկացված տարածքների սղությունը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29