«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունն այսօր ամփոփեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի արդյունքները: 2012թ.-ից հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, իսկ 44 միջին մասնագիտական կրթական հաստատություններում ստեղծվել են ներառական կրթություն իրականացնելու պայմաններ:
«Ծրագրի ֆինանսավորումը նվազել է, սակայն մեր վաշինգտոնյան գրասենյակը, տպավորված այս արդյունքներից, 4 միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի ծրագիրը շարունակական լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդը:
«Life» ծրագրի հիմնական գործընկերներից է «Ունիսոն» ՀԿ-ն: Վերջինիս նախագահ Արմեն Ալավերդյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի շնորհիվ հաշմանդամություն ունեցող հարյուրավոր անձինք վերջապես աշխատանք գտան, աշխատաշուկայում փոխվեց մոտեցումը հաշմանդամություն ունեցողների հանդեպ. «Նախկինում եզակի ընկերություններ եթե անգամ աշխատանքի էին ընդունում հաշմանդամություն ունեցողներին, դա կրում էր բարեգործության կամ ակցիայի բնույթ: Հիմա շատերն են հասկացել, որ հաշմանդամություն ունեցող անձը նվիրված ու ուշադիր աշխատող է: Սակայն ներառականությունը դեռեւս ամբողջական չէ: Քիչ չեն այն գործատուները, որոնք աշխատանքի են ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց»:
Կարդացեք նաև
Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ` ՀՀ-ում գրանցված հաշմանդամություն ունեցողների թիվը 200.000 է: 150.000-ն աշխատունակ է, սակայն 8%-ն է ապահովված աշխատանքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ