Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը հարցին՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի պտուղները ե՞րբ ենք քաղելու՝ պատասխանեց, որ դա երկարաժամկետ համագործակցության սկիզբն է. «Պտուղները դեռ խակ-խակ քաղել պետք չի: Պետք է հասունացնել այդ պտուղները, ժամանակի ընթացքում ինձ թվում է արդյունքները հանրությունը կզգա»:
Նա վստահեցրեց, որ համենայնդեպս, այդ ծառն ամուլ չէ, դրական արդյունքներին ականատես կլինենք:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում բավականին լուսավոր Հայաստան էր նկարագրում, վստահեցնում էր, որ պետք է փոփոխություն լինի, բայց այս օրերին ՀՀԿ-ականների վարքագծում, մեր երկրում որեւէ բան չի փոխվել, ե՞րբ պետք է լինի այդ փոփոխությունը՝ նա պատասխանեց. «Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված՝ կլինի Սահմանադրական բարեփոխումներ, կլինեն ելույթներ,անմիջապես բոլորը ցանկանում են, որ առավոտյան արթնանան, ամեն ինչը վերափոխված լինի: Հարկավոր է համբերել, ժամանակի ընթացքում քաղաքական զարգացումների ընթացքում դուք ականատեսը կլինեք այն բոլոր փոփոխությունների, որոնք արտահայտվում են ՀՀ նախագահի ելույթում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ պաշտոնանկ եղած նախարարները որեւէ պաշտոն կստանա՞ն՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորը կարող մարդիկ են, ժամանակի ընթացքում նրանց կլինեն առաջարկություններ տարբեր ոլորտերում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ