Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ադեկվատի» պիտակը

Փետրվար 26,2016 10:00

Վերջին օրերին Վարդգես Գասպարիի գործի հետ կապված հաճախ հնչում է «ոչ ադեկվատ» բնորոշումը: Լատիներենից փոխառնված այդ արտահայտությունը ժխտական եղանակով կիրառում են նրանք, ովքեր կարծում են, որ քաղաքացիական ակտիվիստի հետ վարվել են օրենքի տառին եւ ոգուն խիստ համապատասխան, կամ կարծում են, որ Գասպարին սուտ է ասում, որ բանտախցում քրեական տարրերը նրան ծեծի են ենթարկել: Տրամաբանությունը հետեւյալն է. քանի որ, ըստ այդ տեսակետի հեղինակների, Գասպարին հոգեկան խնդիրներ ունի, այստեղ-այնտեղ պառկում է եւ գոռգոռում է, հետեւաբար նա հորինում է, թե իր դեմ բռնություններ են կիրառվել:

Ես վստահ եմ, որ բանտախցում բռնությունների մասին նա ճշմարտությունն է ասում. Գասպարիի «խնդիրն» այն է, որ նա թե՛ ազատության եւ թե՛ անազատության մեջ ցանկանում է ապրել Հայաստան պետության օրենքներով եւ չի հարմարվում «դե-ֆակտո» ստեղծված իրավիճակին: Բանտախցում նման պահվածքն առավել վտանգավոր է: Իսկ Գասպարիի հետ տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ քրեական տարր են ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան ազատազրկվածները, որքան «կլյուչնիկները»` սկսած շարքայիններից, վերջացրած ամենաբարձր «նաչալստվայով»:

Բայց ես կցանկանայի այլ բանի մասին խոսել` «ոչ ադեկվատ» (այսինքն` անհամապատասխան, ոչ համահունչ) պիտակի մասին: Պարզ է, որ այստեղ մեծ է սուբյեկտիվության գործոնը. դրսի ազդակները կարող են համահունչ, ադեկվատ լինել իմ ուղեղում ձեւավորված կարծրատիպերին, կարող են նաեւ համահունչ չլինել` կախված նրանից, թե ինչ «երաժշտություն» է հնչում իմ գլխում: Օրինակ՝ ես գտնում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը ադեկվատ չէ այն տեղին, որը պետք է զբաղեցնի բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը: Բայց ասել, որ այդ պատգամավորները հոգեկան հիվանդներ են` այդպիսի պատասխանատվություն իր վրա կարող է վերցնել միայն հոգեբույժը եւ միայն լուրջ ու բարեխիղճ հետազոտությունից հետո:
Փողոցներում եւ դատարաններում պառկելը համահունչ չէ հասարակական վարքի մասին իմ պատկերացումներին: Բայց նախ` պետք է փորձել հասկանալ, թե ինչու է Գասպարին այդպես վարվում: Նա, ըստ երեւույթին, հաշվի է առնում մեր ոստիկանների «հնարքը»` քաշքշուկ սարքել եւ հետո` իրենց թեթեւ հպվելուց հետո ամեն ինչ «ձեւակերպել» որպես «հարձակում ոստիկանի վրա»: Գասպարին, պառկելով, կարծում եմ, ուզում է խուսափել այդ «հպումներից»:

Բայց, ենթադրենք, Գասպարիի պայքարի մեթոդները ոչ մի արդարացում չունեն: Ո՞վ եմ ես, որ դրա հիման վրա եզրակացություններ անեմ մարդու հոգեկան առողջության մասին: Մի՛ դատիր, որ չդատվես:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Շնոհակալ եմ Ձեր դիրքորոշոման համար:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Արամ ջան, կուզենայի իմանալ, հոդվածը գրելիս տեղյա՞կ էիք Գասպարիի այս նամակից, որը կարդալիս՝ անկեղծորեն եմ ասում, մտովի տեղափոխվեցի 50-ականների գուլագ.
    «Չորեքթաթ սողում էի հատակին` փորձելով հեռանալ խցից, խնդրելով, որ խուց չուղարկեն …»․Գասպարի

    Հ.Գ.
    Մոդերատորին կխնդրեի հղումը չհեռացնել. այն թաքնված գովազդի հետ որևէ առնչություն չունի…

  3. Ruben says:

    Տարբերություն գտնու՞մ եք Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասի ու Գասպարիի ՕԳԳ-ի (коэффициент полезного действия) միջեւ:

  4. Լավատես says:

    “Մի՛ դատիր, որ չդատվես:“

    Ասում են, պետությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր ու դատական կառույցներից: Դրա համար էլ հակապետական ուսմունքները քարոզում են Մի դատիր, մի գործիր՝ այտերդ միայն դեմ տուր թող խփեն, դո՞ւ ուր, օրենք գրե՞լը ուր, դու քո ցեղի հետ վայրենի ես, արա էն ինչ քաղաքակիրթ ազգերն են քեզ սովորեցնում:

    Կարճ ասած, հային նեղացնողը լավագույն դեպքում այլասերված հիվանդ հայն է, մնացած դեպքերում դրանք հայեր չեն: Դրա համար էլ մեզ մեր ազգային հայկական ուսմունքներն են պետք, որպեսզի ոչ մի հայ թույլ չտա որ իրեն նեղացնեն, որովհետեւ իր թիկունքին իրեն պաշտպանող պետություն կլինի:

  5. eeh says:

    «Ես վստահ եմ, որ բանտախցում բռնությունների մասին նա ճշմարտությունն է ասում »
    Արամ ջամ, բա մի կես-բերան դատապարտիր, ոչ թե փիլիսոփայի «կլյուչնիկների » մասին։
    Ո՞վ է կոչ անելու, որ մեղավորները պատասխանություն կրեն։ Էս իրավիճակում քեզ ադեկվատ ե՞ս զգում որպես հեղինակավոր թերթի խմբագիր։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հավանաբար, մեկնաբանություններ գրելու կանոնների մեջ պետք է ավելացնել, որ այն մարդիկ, որոնք իրենց անունը չեն գրում եւ, հետեւաբար, չեն կարող պնդել, որ իմ հետ «բրուդերշաֆթ» են խմել, ինձ եւ ցանկացած այլ հեղինակի դիմեն «Դուք»-ով:

  6. Հ.Շ. says:

    «Մի՛ դատիր, որ չդատվես: »

    դատարանին մէ՞ջ ալ ?!?!

    այս է խնդիրը կարգ մը այլախոհների՝ ուզում են ամէն բան անել, ամէն բան թոյլատրել իրենք իրենց, եւ բնաւ ու երբեւիցէ պատասխան չտալ Օրէնքի առջեւ. դատարանը իրենց համար չի… այդ բոլորէն բա՜րձր են իրենք, մի այլ ոլորտում են սաւառնում…

    ուրեմն ի՞նչ է իրենց մտածելակերպի տարբերութիւնը՝ այն երեւոյթներին հետ որոնց դէմ բողոքում են…

    ըստ իրենց, իրենք երբէք, ոչ միայն դատապարտելի չեն կրնար լինել, այլ նոյնիսկ դատելի իսկ չեն, եւ որքան որ ալ կարգ ու կանոնը, օրէնքը խախտեն, ընկերային աւանդները եւ մնացեալ քաղաքացիները խանգարեն, պէտք չէ որ ձերբակալվին եւ դատվին, բնաւ եւ ոչ մէկ պարագայի… թէ ոչ՝ «քաղբանտարկեալ» են !

    մարդ կարող է գործէ ինչ արարք որ կ’ուզէ. սակայն հասունութիւնը, լրջութիւնը, – եւ քաջութիւնը – պէտք է ունենայ հետեւանքները դիմագրաւելու. պատասխանատվութեան գիտակցութիւն կը կոչվի այդ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29