Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս

Փետրվար 26,2016 12:00

Երբ առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» սկզբունքով

ՄԻ քանի օր է, ինչ «Հայկական վերածննդի» ծնունդը փոթորկել է համացանցը: Լրագրողների գործունեության համար մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները զվարճալի թեմաների պակաս վստահաբար չի զգացվի:

Արդեն իսկ համընդհանուր քննարկման նյութ է դարձել ոչ միայն մարդ-կուսակցություններով «վերածնվելու» Արթուր Բաղդասարյանի եւ թիմակիցների ձգտումը, այլեւ 12 կուսակցությունների ու 140 հասարակական կազմակերպությունների անվանումները:

Այստեղ խայտաբղետության մի ողջ ներկապնակ է` «Լինենք բարի», «Սուրբ Սանդուխտ», «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Փրկված մասունքներ», «Արծվաբույն Զեյթուն», «Եղբայրական կազակ խաղաղապահների Բայազետ», «Ֆլորա Գյումրու երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա», «Հայ-Ամերիկյան Բարեկամություն», «Ալիսա», «Մարինե», «Աղավնի» բարեգործական ՀԿ-ներ, «Հույսի պատուհան», «Տարոն մենեջերների Մարտունու կրթախորհրդատվական ակումբ», «Անարդարության եւ անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում», «Առաջադեմ Ժողովրդավարների Միավորում», «Եվրոպական Ժողովրդավարական Շարժում», «Հայկական ավտոմոբիլային ակումբ», «Թռիչք», «Մեկնություն», «XXI Դարի Հայորդիներ», «Ջավախեթցի», «Նոր Զեյթուն», «Ազգային արժեքների պահպանման ճակատ», «Հայաստանի ավանդական երիտասարդների միություն», «Գվարդիական աստղ ռազմահայրենասիրական միություն», «Единство», «ՀՀ ռուսաց լեզվի եւ գրականության մանկավարժ վետերանների միություն» եւ այլն:

Նորանոր տեղեկություններ են ստացվում շահագրգիռ այլ միությունների միավորվելու ցանկության մասին: «Կույս կանանց միավորում» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից էլ հանրությունը տեղեկացավ, որ «ՀԿ-ում ոգեւորված են այս առիթով, եւ մենք նույնպես միանում ենք «Հայկական վերածնունդ միավորմանը», քանզի հայու գենի պահապան միությանն իր դյուցազուն ուխտն են բերելու «Նաիրյան ստինքներ» եւ «Կորով» շարժումները։ ԿԿՄ «Տիրամայր» հետազոտությունների կենտրոնը եւ «Թող որ աճեմ» խմբակը եւս միանում են նորաստեղծ կուսակցությանը»։

Իրականում իրավիճակն, իհարկե, առավել քան ողբալի է: Հայաստանի քաղաքական դաշտի ճահճացվածության աստիճանն են փաստում հնացած քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները, որոնք մշտապես հասարակությանն ասելիք ունեն:

Կարելի է մի քանի անգամ իշխանություններին աջակցել, կոալիցիաներ կազմել, կիսել պատասխանատվություն իշխանության հետ, բայց մի պահ պաշտոնապես հեռանալ իշխանությունից, մի քանի ամիս զբաղվել «ռեբրենդինգով», ու ամեն ինչ պատրաստ է:

Կրկին նույն մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում են իշխանության կործանարար գործունեության մասին, առաջարկում են ազգին փրկելու իրենց բանաձեւերն ու սպասում քաղաքական դաշտում «արեւի տակ» տեղ գրավելու իրենց հաջող մեկնարկին:
«Մենք պետք է մեր մեջ սպանենք այն ստրկացած հատվածին, որ կա, որը կորցրել է իր հույսը, ոչ մի բանի չի հավատում… մենք պետք է կարողանանք գտնել մեր ներսում մեր հավատի ուժը, մեր պայքարի ներուժը, մեր ոգին ու վճռականությունը՝ իսկապես պոռթկում կատարելու համար»,- ասում է Արթուր Բաղդասարյանը:

Իսկ ո՞ւմ մեղքով է հասարակության մի հատվածը «ստրկացած», ինչո՞ւ է կորցրել հույսը, հավատը քաղաքական գործիչների ու կուսակցությունների նկատմամբ: Գուցե բազմաթիվ կուսակցությունների առաջնորդներն ու կուսակցական ընկերները նաեւ փորձեն իրենց մեջ փնտրել դրա պատճառները:

Հայաստանի անկախացումից ի վեր գործում են կուսակցություններ ու գործիչներ, որոնք ընդդիմություն լինելով` իշխանություն են, իշխանություն լինելով` պոտենցիալ ընդդիմություն են, երբ իշխանություն են` ամեն ինչ ճիշտ են անում, իսկ երբ ընդդիմություն են` գիտեն, որ «երկիրն այս վիճակին է հասել» վատ կառավարման արդյունքում:
Իրականում, սակայն, նրանք բոլորն առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» սկզբունքով:

Ինչ-որ բան արդեն վաղուց այն չէ մեր քաղաքական դաշտում, եւ այսպես այլեւս անհնար է պետության իրական զարգացման հեռանկարների, հնարավորությունների մասին մտորելն ու անիմաստ` այդ մասին կենացներն ու ճառերը շարունակաբար լսելը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    ՀՔՅՐԵՆԻՔ – ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ բառերը իսկապէս գոյութիւն ունին ոմանց մէջ -յատկապէս իգական սեռին մօտ որոնց համար հասկնալի է թէ որքան դժուարին է բանակ խրկել իրենց հալալ
    կաթով սնած զաւակները և վստահ եմ որ անկեղծ են / կը թուի թէ իշխանամէտ ամբոխին զաւակներուն զինուորական ծառայութիւնը `անգիր օրէնքով `արգիլուած է մեր երկրին մէջ – երբեք չեմ տեսած կամ լսած անոնց ներկայութիւնը թէկուզ վիրաւորներու ցանկին մէջ – երանի իրենց- բայց հրապարակի վրայ աղմկող ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ առ հասարակ “” առաջնորդւում են ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ “”” սկզբունքով ; Անոնք 25 տարիէ զանազան բառային դարձուածքներով այդ ապացուցած են եւ բնականաբար կը շարունակեն ապացուցանել /օգտուելով սերունդներու կարճ յիշողութենէն /;Որքան զուարճալի պիտի ըլլար եթէ գտնուէր մէկը որ համբերութիւնը ունենար քովէ քով բերել 25 տարիներու ընթացքին մեր “յայտնիներու ” երես-փոխան “-ութիւնները հաւաքէր եւ հրատարակէր /թուականներով/ , վստահ եմ որ best seller – կը դառնար երկար ատեն …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29