Արտակ Զեյնալյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին
Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում հույս էր տալիս քաղաքացիներին, որ շուտով կյանքի կկոչեն նոր Սահմանադրությունը, եւ մեր քաղաքացիների հնարավորությունների, ազատությունների շրջանակը կընդլայնվի, մենք կապրենք ավելի լավ Հայաստանում, հավատո՞ւմ եք դրան: Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեր այս հարցին պատասխանեց. «Դա հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի եւ իշխող ռեժիմի հեռացման պայմաններում: Ես չեմ հավատում, որ իրենք ինչ-որ բան կարող են անել: Իրենց բացակայությամբ հնարավոր է, իսկ իրենց ներկայությամբ եւ իրենց մասնակցությամբ՝ ոչ»:
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ ժողովրդավարությունը կառավարման այլ մեխանիզմ է, քան այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը. «Ժողովրդավարությունն ամենաարդյունավետ կառավարման մեխանիզմներից է, որովհետեւ բազմաթիվ ուղեղների հանրագումարը շատ ավելի լավ արդյունք է տալիս, քան նրանցից մեկի: Իսկ ժողովրդավարությունը բազմաթիվ ուղեղների եւ սրտերի համատեղված գործունեության արգասիքն է»:
Մեր հարցին՝ Դուք ասում եք, որ առաջընթաց կլինի միայն Սերժ Սարգսյանի եւ իշխող ռեժիմի բացակայության պայմանում, բայց ՀՀԿ-ականներն էլ միշտ ընդդիմության երեսով են տալիս, որ ցույց տվեք ձեր մեջ ավելի լավին, ասում են, որ ընդդիմության մեջ միասնություն չկա, Սերժ Սարգսյանից ավելի լավ կենսագրություն, հարուստ փորձ ունեցող գործիչ էլ չկա, դուք տեսնո՞ւմ եք այլընտրանք Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Պիտի հիշատակեմ ժողովրդավարական կառավարման սկզբունքները՝ քվեարկությամբ ժողովուրդն է դա որոշում: Եվ հենց որոշեց ով է՝ դա այլընտրանքն է: Այլընտրանքը բանդան չի, որ որոշելու է, 1-2 հոգին չեն որոշելու: Իսկ այդ խումբը իրականացրել է սեգրեգացիա՝ զտում: 1915-ին տեղի ունեցավ այդպիսի զտում, հիմա այդ նույն գործիքներով իրականացվել է քաղաքական դաշտի զտում՝ ընդդիմադիրներին, այլախոհներին բնաջնջել են, ոչնչացրել են: Եվ իրենք չեն կարող որոշել՝ այլընտրանք կա՞, թե՞ չկա: Նրանք պիտի հեռանան, եւ ժողովուրդը կորոշի քվեարկությամբ, կամքի ազատ արտահայտմամբ կձեւավորի իշխանություն, եւ դա կլինի այն, ինչ պետք է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
25.02.2016