Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կգծվի աշխարհի նոր քարտեզը

Փետրվար 26,2016 14:00

Կախված է Մեծ Բրիտանիայի ճակատագրից

«Պարզ է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից կթուլացնի ԵՄ-ն, աշխարհում շատ բաներ կփոխվեն, բայց ամենավատ հետեւանքը կլինի հենց Մեծ Բրիտանիայի համար: Շոտլանդիան, կարծում եմ, անմիջապես դուրա կգա Մեծ Բրիտանիայի կազմից, եւ այդ քայլով Մեծ Բրիտանիան գլխավոր հարվածն իրեն կհասցնի: Շատերը, հավանաբար, այսօր չեն հիշում, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու առիթով Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն բացասական արդյունք ունեցավ մեկ պատճառով. քվեարկածների մեծ մասը նշել էին, որ ցանկանում են, որպեսզի Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայի կազմում մեկ պատճառով` Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ է: Այսինքն՝ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, Շոտլանդիան էլ դուրս կգա Մեծ Բրիտանիայից, եւ այդ երկիրը կքանդվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք. Մեծ Բրիտանիայում այս տարվա հունիսի 23-ին տեղի կունենա Եվրամիությունում մնալու հարցով հանրաքվե։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն օրերս Բրյուսելում ասել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պետք է պատմական նշանակություն ունեցող որոշում կայացնեն։ Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունում կունենա «հատուկ կարգավիճակ» եւ երբեւէ շրջանառության մեջ չի դնի Եվրամիության տարադրամ եվրոն։ Քեմերոնը հայտարարել է, որ ինքը եւ իր կառավարության անդամները կողմ են այդ պայմաններով Եվրոպական միությունում մնալու տարբերակին։

«Մեծ Բրիտանիան մեծ երկիր է, լուրջ երկիր է, այնտեղ բազմաթիվ ավանդույթներ կան: Այդ երկրի տնտեսությունն իր հզորություններով աշխարհում երրորդ-չորրորդ տեղն է զբաղեցնում: Աշխարհի ֆինանսատնտեսական կենտրոններից է, բայց ԵՄ-ից դուրս գալով՝ աշխարհաքաղաքական իրավիճակ կփոխվի, որը բնավ ի նպաստ Մեծ Բրիտանիայի չի լինի: Բացի Շոտլանդիայից՝ որոշակի գործընթացներ կզարգանան նաեւ Հյուսիսային Իռլանդիայում»,- կարծում է մեր զրուցակիցը: Քաղաքագետը վստահ է` իր նշած մտավախություններից ելնելով է, որ ԵՄ-ն վերջին շրջանում բավական արտոնություններ է տվել Մեծ Բրիտանիային, փոխզիջումների են գնացել: Նա կարծում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն էլ կանխարգելիչ քայլերի կդիմի, բայց քանի որ նրանք բավական երկար ժամանակ առավելապես պոպուլիստական կեցվածք են որդեգրել եւ դրսեւորել, իսկ այդ երկրում էլ անջատողական մեխանիզմները բավական ուժեղ են, անգամ որոշակի ավանդույթներ կան ձեւավորված, չի բացառվում, որ երկրի բնակչությունն, այնուհանդերձ, «կողմ» քվեարկի: Այս գործում, իհարկե, քաղաքագետը չի անտեսում աշխարհաքաղաքական կենտրոնների շահագրգռությունը:

«Կենտրոններից մեկն էլ Ռուսաստանն է: Այդ երկրի իշխանության քայլերից ակնհայտ երեւում է, որ շատ են ցանկանում, որպեսզի ԵՄ-ն թուլանա, քանի որ համարում են, որ Եվրոպական միությունն իրենց գլխավոր թշնամիներից է: Եթե նկատել եք, Ռուսաստանը բավական լուրջ աջակցություն է ցուցաբերում նաեւ եվրոպական տարբեր երկրների այն քաղաքական ուժերին, որոնք անջատողական տրամադրություններ ունեն, ԵՄ-ին եւ եվրաինտեգրացիային դեմ են: Դա մենք տեսնում ենք Հունգարիայում, Չեխիայում: Այդպիսի ուժեր կան նաեւ հին Եվրոպայում, ԱՄՆ-ում` ի դեմս ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփի: Այդ ամենը պատահականություններ չեն: ՌԴ-ն բավական լուրջ աշխատեց եվրոպական տարբեր երկրներում: Նույն Մեծ Բրիտանիայում, օրինակ, պատգամավորներ կան, որոնք ստորագրություններ են հավաքում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերացնելու համար, նույնիսկ եթե Ուկրաինայում հարցերը չլուծվեն»,- ասում է Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ շատերը լուրջ ուշադրություն չեն դարձնում նմանօրինակ բաներին, անգամ անտեսում են: Մինչդեռ ՌԴ-ն բավական մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նմանօրինակ գործիչներին եւ ուժերին, ու չի բացառվում, որ գործընթացներն ինչ-որ մի պահից սկսեն զարգանալ Եվրոպայի համար ոչ բարենպաստ սցենարներով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29