Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեդի Ալկոն» հենց վարկը ստանա, գյուղացիների հանձնած խաղողի դիմաց կվճարի

Փետրվար 26,2016 13:30

Խաղողի մթերման սեզոնին հույսները կորցրած գյուղացիները բերքը մեծ դժվարությամբ հանձնեցին: Այսօր էլ նրանք կանգնած են մեկ այլ խնդրի առաջ՝ բերքն ընդունած ընկերությունները երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով չեն կարողանում գյուղացիների գումարները վճարել: Մեկ ամիս հետո այդ նույն խաղողագործները այգիներում պետք է սկսեն գյուղատնտեսական աշխատանքները, սակայն փող չունեն, որ սեզոնային աշխատանքները կազմակերպեն:

«Այսօրվա դրությամբ խաղողի մթերումների դիմաց վճարումների 91%-ը կատարվել է, մնացել է միայն շուրջ 3.1 մլրդ դրամի պարտք»,- օրեր առաջ այսպիսի հայտարարություն է արել գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` նշելով, որ մթերող ընկերությունները շարունակում են վճարումներն ըստ գրաֆիկի:

Սակայն «Առավոտին» գյուղացիների ներկայացրած դժգոհությունների համաձայն՝ «Վեդի Ալկո» եւ «Պռոշյան» ընկերությունները դեռեւս չեն կարողանում վճարել մթերած խաղողի դիմաց:

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ թեեւ մթերված խաղողի գումարների մի մասը ստացել են, բայց գործարաններ կան, որ դեռ, նրանց խոսքերով ասած, մի դրամ էլ չեն վճարել:

«Մարդ կա՝ էդ գործարանին ա մենակ հանձնել խաղողը ու մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չի ստացել: Գյուղատնտեսական աշխատանքները սկսվում են, այգիները պետք է էտենք, սրսկենք, այդ ամենի համար գումարներ են անհրաժեշտ: Էլ չենք ասում, որ վերցրած վարկերի վճարները ոնց պիտի վճարենք: Դե արի ու բանկին ասա, որ ինձ էլ դեռ չեն վճարել, ես էլ սպասում եմ իմ պարտքերին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից մեկը: Մեկ այլ գյուղացու խոսքերով էլ՝ ինքը մտնում է մթերող ընկերությունների դրության մեջ, քանի որ նրանց արտադրանքն էլ մնացել է. «Չեն կարողանում իրացնեն, բայց էդքան հայտարարում են` աջակցում ենք, վարկեր ենք տալիս, արտահանման հարցեր ենք կարգավորում, բայց էլի գյուղացին դրա օգուտը չի տեսնում»:
Ի դեպ, գյուղացիների դժգոհություններին ի պատասխան՝ «Վեդի Ալկո» ընկերությունից հայտնել էին, որ սպասում են վարկավորման, եւ հենց գումարները լինեն, գյուղացիներին կվճարեն:

«Առավոտը» «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կլինի վարկավորումը, որպեսզի գյուղացիները ստանան գումարները: Պարոն Ղազարյանի խոսքերով՝ դեռեւս խաղողի մթերումների ժամանակ գյուղացիներին տեղեկացրել է, որ իրենց ընկերությունը դեռ հնարավորություն չունի գինու համար խաղող մթերելու եւ նաեւ դրա անհրաժեշտությունը չունի, սակայն քանի որ գյուղացու խաղողը մնացել էր, ստիպված մթերել են. «2010-11 թվականներից եւ անընդհատ ավելի բեռ ենք վերցնում մեզ վրա ու արդյունքում տարեցտարի վիճակներս ծանրացնելով՝ եկել-հասել ենք նրան, որ այսօր չենք կարողանում վճարել մթերված խաղողի դիմաց»:

Մանվել Ղազարյանը նաեւ ասաց, որ դեռեւս հոկտեմբեր ամսին հանդիպել է թե՛ գյուղապետերի, թե՛ խաղող մշակողների հետ, առաջարկել աշխատանքի տարբեր սխեմաներ՝ ընդհուպ մինչեւ ընկերության հաշվին գյուղացու խաղողը մշակել, պատրաստել, ստանալ գինի եւ հետ տալ գինու տեսքով. «Այսինքն` ծառայություն մատուցել անվճար ու ստացված գինին հետ տալ իրենց ցանկացած ժամանակ, երբ որ իրենց պետք լինի, քանի որ մենք չենք կարողանում այդ գինու ծավալները իրացնել, եւ մառանները դեռեւս 2011 թվականի գինով են լցված, որը մենք պետք է վաղուց վաճառած լինեինք: Բայց ամեն տարի խաղողի ավելցուկի հետ կապված ճնշում է գործադրվում, եւ ճնշումը հատկապես ազգաբնակչության կողմից է լինում` ճանապարհ են փակում, չգիտեմ, տարբեր ճանապարհներով ճնշում են` ստիպված մենք, համագործակցելով իշխանության հետ, այդ խաղողը մթերել ենք»:

Նրա խոսքերով՝ այսօր կանգնել են «կրիզիսի» առաջ. «Սեզոնին էլ ես ասել եմ, որ մինչեւ առնվազն 1 տարի չեմ կարողանալու այդ խաղողի համար վճարել: Համաշխարհային ճգնաժամի հետ կապված շուկաները խիստ նվազել են՝ թե՛ տեղական շուկան, թե՛ արտահանումը: Վիճակն այսպիսին է, հիմա երեկ էլ մենք աշխատել ենք զարգացման գործակալության հետ, մեզ իրոք խոստացել են, որ կվարկավորեն, եւ մենք էլ կվճարենք ժողովրդին: Ես սպասում եմ՝ որ օրը այդ ֆինանսավորումը ստանանք, նույն օրն էլ կսկսենք ժողովրդին վճարել»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29