Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարան դիմելու համար հիմք էր հանդիսացել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը «Փակ շուկայի» վերաբերյալ

Փետրվար 26,2016 13:00

Փետրվարի 23-ը հայ լրագրողների համար ամենալարված օրերից մեկն էր

Մինչ ԱԺ-ի մոտ լրագրողներն ընդդեմ հանրապետական մականունավոր պատգամավորի գործողությունների, նրա՝ լրագրողներին վիրավորելու դեմ բողոքի ակցիա էին անում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, դատարանից դուրս գալիս «Բանդա 2»-ի գործը լուսաբանող լրագրողների դեմ շշեր էին նետվում, իսկ երկու հասարակական կազմակերպություններ էլ վիճարկում էին մեկը վարչական դատարանում, մեկը ՍԴ-ում տեղեկատվության տրամադրման հետ կապված դիմումները: Արթուր Սաքունցի գլխավորած «Հելսինկյան ասոցիացիա Վանաձորի գրասենյակը» տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել կազմակերպություն դիմած անձի կողմից տրանսպորտային միջոցի մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի, դա կարգավորող իրավական ակտի, հաշվարկված գումարի մեջ ընդգրկված հարկատեսակների վերաբերյալ: Քանի որ խախտվել էր կազմակերպության տեղեկատվության տրամադրման կարգը, հելսինկյանները դիմել էին դատարան, իսկ դատարանը փետրվարի 23-ին մերժեց իրավապաշտպան հասարակական կազմակերպության պահանջը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Սահմանադրական դատարան:
ՍԴ-ն հակասահմանադրական համարեց այն հոդվածները, որոնք 12 էջից բաղկացած իրենց դիմումում բարձրաձայնել էին ԻԱԿ-ի ներկայացուցիչներ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու կազմակերպության իրավաբան Գեւորգ Հայրապետյանը: Մինչ Սահմանադրական դատարանը իր պաշտոնական կայքում կտեղադրեր որոշումն ամբողջությամբ, նույն օրը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, ինչը լրատվամիջոցները որակեցին հաղթանակ, սակայն պարզ չէր, թե ինչ կա իրավական հոդվածառատ ձեւակերպումների տակ:

Սահմանադրական դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը», որը Երեւանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» նկատմամբ սեփականության կամ «Փակ շուկայի» վարձակալության հիմքերի վերաբերյալ էր:

Ըստ ԻԱԿ-ի ներկայացուցիչների, «այս տեղեկության անհրաժեշտությունը կապված էր ճիշտ նույն ժամանակահատվածում «Փակ շուկայի» կառուցապատման օրինականության վերաբերյալ հանրային անհանգստությունների, քաղաքացիների հավաքների հետ: Հարցմամբ փնտրվող տեղեկատվությունը վերաբերում էր Երեւան քաղաքի պատմամշակութային արժեք հանդիսացող «Փակ շուկային», որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում եւ ինչը, հանրության ներկայացուցիչների մոտ ստեղծված տպավորությամբ` ոչնչացվում կամ լավագույն դեպքում՝ աղավաղվում էր»:
Ի դեպ, նույն այդ ժամանակահատվածում, ինչպես փաստել էր դիմումատու կողմը, «Փակ շուկայի» շուրջ Երեւանում, սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվության միջոցներով ծավալվել էին բուռն քննարկումներ, խնդիրը հանրային հետաքրքրություն էր ներկայացնում, այն առնչվում էր հանրության բարքերին, երեւանցու իրավունքներին եւ ինքնությանը:

Կազմակերպության կողմից փնտրվող տեղեկատվությունը տեղավորվում էր ՀՀ Սահմանադրության 27.1 հոդվածով երաշխավորված իրավունքի հատկանիշների մեջ, հետեւաբար` հարցումով փնտրվող տեղեկատվության համար գումար պահանջելը պետական մարմնի՝ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից օրինաչափ չի եղել:

Հղում անելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի դրույթներին, որով սահմանվում է անձի` ինքն իր մասին կամ անձի իրավունքների պաշտպանության համար կարեւոր կամ հանրային նշանակություն ունեցող (հանրային շահի պաշտպանության համար կարեւոր) տեղեկության մատչելիության իրավունքի սահմանափակմանը, լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունը հանգել էր նրան, որ նշված հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 8, 18, 23, 27 եւ 27.1 հոդվածներին:

Հիշեցնենք մեկ անգամ եւս, որ կազմակերպությանը մինչ վարչական դատարան դիմելը անհրաժեշտ են եղել հետեւյալ հարցերի պատասխանները. ե՞րբ, ի՞նչ իրավական ակտով, ո՞ւմ, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով (սեփականության իրավունքով, վարձակալության իրավունքով) եւ որքա՞ն ժամկետով է հատկացվել «Փակ շուկան», ո՞ւր է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» հատկացման (սեփականության կամ վարձակալության հիմքերով) պայմանագրի (պայմանագրերի) պատճենը: Պետական կառույցը վճար է պահանջել:

Նշենք, որ Վարչական դատարանը 06.06.2014թ. վճռով մերժել էր ԻԱԿ-ի հայցը:
Կազմակերպությունը դիմել էր Վերաքննիչ վարչական դատարան, ապա՝ Վճռաբեկ, դրանով իսկ սպառելով բոլոր ներպետական դատական հնարավորությունները:
Ըստ Արտակ Զեյնալյանի, Գեւորգ Հայրապետյանի դիմումի, վարչական դատարանը հայցը մերժել է՝ ելնելով հետեւյալ իրավական դիրքորոշումներից. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համար բացասական հետեւանքներ են առաջացրել ՀՀ վարչական դատարանի հետեւյալ եզրահանգումները եւ 06.06.2014թ. վճռում վկայակոչված հետեւյալ նորմերը: «Կազմակերպության հարցմանն ի պատասխան` Կոմիտեի 2013 թվականի մայիսի 18-ի թիվ ԿԽ-1/1813 գրությամբ հայտնվել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար նույն օրենքով սահմանված չափերով` գանձապետարանում բացված համապատասխան Էջ 3/12 հաշվին։ Նույն հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ դիմողները պարտավոր են վճարել օրենքով սահմանված վճարները, իսկ 32-րդ հոդվածի 2- րդ մասը սահմանում է տեղեկատվության տրամադրման դիմումին կից տեղեկատվության տրամադրման վճարի մուծման անդորրագիրը ներկայացնելու պահանջը»։

«Մեզ մոտ համոզմունք է ձեւավորվել, որ ՀՀ Սահմանադրությունը յուրաքանչյուրին երաշխավորում է` հանրային նշանակության տեղեկություն ստանալու անսահմանափակ իրավունք: Եթե որեւէ մեկն իմացել է կամ գիտի, որ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կամայական անվանում ունեցող պետական որեւէ հիմնարկում առկա է այնպիսի տեղեկություն, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ժողովրդավարության ամրապնդման համար, երկրի սոցիալ-տնտեսական, գիտական, մշակութային առաջընթացն ապահովելու համար, իրավունքի գերակայության ապահովման համար, հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության ավելի ծանրակշիռ անհրաժեշտության համար, կոռուպցիայի բացահայտման կամ կոռուպցիայի բացակայությունը հաստատելու համար, օրենսդիրի կողմից հիմնավորված ՀՀ օրենսդրության մեջ տեղ գտած հանրային գերակա շահի ապահովման համար, ապա նա պետք է կարողանա հասու լինի տվյալ տեղեկությանը` առանց, այդ թվում` դրա համար վճարելու պարտականությամբ ծանրաբեռնվելու»,-ասում է Արտակ Զեյնալյանը:

Ըստ վերջինի՝ «հանրային նշանակության որեւէ տեղեկություն պետք է անձին հասու լինի անառարկելիորեն, առանց որեւէ վճարի կամ այլ պայմանի կամ նախապայմանի, անկախ նրանից, թե գաղտնիության որեւէ աստիճան ունի տվյալ տեղեկությունը, թե ոչ, եւ եթե ունի, ապա ինչպիսի, անգամ տեղեկության գաղտնագրված լինելը չպետք է անձին հանրային նշանակության տեղեկության տրամադրումը մերժելու հիմք լինի»:

Դիմումատու կողմը նշել էր նաեւ, որ «Անձի` ինքն իր մասին տեղեկություն ստանալու անսահմանափակ իրավունքի գաղափարն արտացոլվել է նաեւ նոր ընդունվող օրենքներում»: Խոսքը 18.05.2015թ. ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի մասին է, որը սահմանում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը` նշելով, որ. «Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի եւ նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաեւ այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները»:

Դիմումատուն կարեւորել էր նաեւ հասարակական կազմակերպությունների դերը՝ նման ակցիաների ժամանակ, նշելով, որ «հասարակական կազմակերպությունների միջոցով է, որ հասարակությունը հնարավորություն է ստանում հասարակական հսկողություն եւ վերահսկողություն սահմանել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, իսկ տեղեկատվության ազատության իրավունքը, հանրային իշխանության մարմինների տնօրինության տակ եղած տեղեկատվությունը ստանալն այն կարեւորագույն գործիքներից է, որով դիմողը պետք է իրականացնի վերոգրյալ իր գործառույթները»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29