Լրահոս
Օրվա լրահոսը

Էմի Ուայնհաուս. ձայնեղ հրեշտակը՝ սատանայական թուլություններով

Փետրվար 26,2016 12:30

Երեւանում անցկացվող բրիտանական ֆիլմերի 2016թ. փառատոնի ծրագրում ընդգրկված լավագույն նմուշներից է հրեական արմատներով բրիտանացի խարիզմատիկ երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին պատմող «Էմի» ֆիլմը, որի ռեժիսոր Ազիֆ Կապադիան մի շարք հեղինակավոր, այդ թվում Կաննի կինոփառատոնի եւ BAFTA-ի մրցանակների ասպետ է: Ֆիլմում օգտագործված են բացառիկ արխիվային նյութեր, պատառիկներ հարցազրույցներից: Գեղարվեստական տարրերով վավերագրական այս ֆիլմում հաջողվել է ստանալ Էմի Ուայնհաուսի մարդկային եւ արտիստական դիմագիծը. նա ազնիվ, բարի, մեծսիրտ հրեշտակ էր՝ սատանայական մոլություններով՝ թմրանյութեր, ալկոհոլ, դեպրեսիա, անփույթ կյանք ու այդ ամենի տակ մարդկային խորը ողբերգություն:

«Էմին» պատմում է հզոր ձայնով տաղանդավոր երգչուհու մասին, որը, չնայած երիտասարդ տարիքում ունեցած փառքի դափնիներին՝ միայնակ է, դժբախտ, անձնական խնդիրների ծանր բեռով: Ունի ամուսին, հարազատներ, որոնցից յուրաքանչյուրն իր բաժին օգուտն է քամում նրա փառքից: Իսկ Էմին թքած ուներ անվանի լինելու փաստի վրա, դա ամենաքիչն էր հետաքրքրում նրան եւ ամենաշատը խանգարում մարդավարի ապրել… Երգչուհին ընդամենն ուզում էր միայնանալ ու հույզերը վերածել երաժշտության, ինչպես ինքն էր ասում՝ այդպես մաքրել սեփական հուզաշխարհը: Ցավոք, շրջապատող էգոիզմը կործանեց արտաքուստ ուժեղ թվացող, իրականում շատ խոցելի ու փխրուն անհատականությանը, անսիրտ աշխարհը «խժռեց» նրան: Էմիի ապրած կարճ, բայց վառ տարիներում խորը դրամատիզմ ու ողբերգություն էր ամփոփված:

Էմին ստեղծեց իր ոճը՝ երբեք չկապկելով ուրիշներին ու չանցնելով տրորված արահետով, նա դեմ էր իր ձեւակերպմամբ՝ ավտոտնակային ռոքին ու պարզունակ փոփին:
18 «Գրեմմիների» եւ 2 EMMY-ների տիրակալ Թոնի Բենեթի հետ համագործակցությունը ժամանակին թեւ տվեց սայթաքած ու կրկին մեջքն ուղղած երգչուհուն: Բենեթը այն քչերից էր, որի համար Էմին ուղղակի տաղանդավոր արտիստ էր, իր համոզմամբ՝ ամենաազնիվ ջազային երգչուհիներից մեկը, որին պետք է վերաբերվել, ինչպես Էլլա Ֆիցջերալդին ու Բիլլի Հոլիդեյին…

Իսկապես տպավորիչ ֆիլմ է Ազիֆ Կապադիայի «Էմին» եւ համահունչ է Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Բրիտանական դեսպանատան նախաձեռնած բրիտանական ֆիլմերի փառատոնի այս տարվա՝ «Լավագույնը Բրիտանիայից» խորագրին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29