Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի տնօրինությունն աջակցում է իր «Նոր կամերատային»

Փետրվար 26,2016 10:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 29-ին կայանալիք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հերթական համերգը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին:

Կոմպոզիտորը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, որը դաստիարակվելով եվրոպական, մասնավորապես՝ ռուսական դասական երաժշտության ավանդույթներով եւ յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները: Սպենդիարյանը հարստացրեց նաեւ կամերային երաժշտությունը եւ իր բազմաժանր գործունեության ընթացքում անձամբ ծանոթանալով Հովհաննես Թումանյանի հետ (1916թ.) ու ոգեշնչվելով «Թմկաբերդի առումը» պոեմով, գրեց «Ալմաստ» օպերան, որով 1933թ. հունվարի 20-ին բացվեց Երեւանի օպերային թատրոնը: Հիշյալ օպերան մինչ օրս թատրոնի խաղացանկում է:
Կայանալիք հոբելյանական երեկոյին իրենց կատարումներով հանդես կգան ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Նոր կամերատա» եւ հարվածայինների անսամբլները:

Filarmonik_1

«Նոր կամերատան» ստեղծվել է 2007թ., որին ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք երեւանյան մշակութային կյանքում: Հատկանշական են ժամանակին անսամբլի համերգները՝ նվիրված կոմպոզիտորներ Ֆիլիպ Էմանուել Բախի 300-ամյակին, Գանտեր Շուլերի հիշատակին, Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը եւ այլն: Անսամբլը մշտապես անդրադառնում է հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ նաեւ ժամանակակից, ստեղծագործություններին: Դեռեւս հանդես չգալով արտասահմանյան որեւէ երկրում, անսամբլին իրենց երկերի հայաստանյան պրեմիերաներն են վստահել Հոլանդիայի կոմպոզիտորների միության նախագահ Լուի Անդրիսենը, հունգարացի Կրիշտինա Մեգյերը, հրեա Դոն Յաֆֆեն եւ մյուսները: «Նոր կամերատային» վստահում է նաեւ հոլանդացի կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերը, որն արդեն շուրջ 10 տարի սեփական կամերային ստեղծագործությունների պրեմիերաներով ներկայանում է հայ ունկնդրին:

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր Վարդուհի Մինասյանի հետ, որն էլ սպենդիարյանական երեկոյի առիթով հայտնեց, թե ծրագրում, բացի Սպենդիարյանից, ընդգրկված են նաեւ Բախի, Տելեմանի, Յաֆֆեի գործերը: Հավելեց նաեւ, որ «Նոր կամերատան» անդրադառնում է նաեւ նոր-նոր քայլեր անող երիտասարդ կոմպոզիտորների արվեստին, օրինակ՝ հենց այս անսամբլի շնորհիվ մեր ունկնդիրը իրեն ծանոթ ալտահար Գոռ Հովհաննիսյանին, որն անսամբլի կազմում է ստեղծման օրվանից, հայտնաբերեց՝ որպես կոմպոզիտորի:

Հարցին՝ «Նոր կամերատան» ունի՞ աջակիցներ, Վարդուհի Մինասյանը նշեց միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությանը (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան):

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Նոր կամերատա» անսամբլը՝ կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերի
(աջից երկրորդը) հետ:

 

«Առավոտ» օրաթերթ
25.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29