Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ

Փետրվար 26,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ  քսանմեկերորդ

ԿՈՄՊԼԻՄԵՆՏՆԵՐ

Եվ խանութպանն ինձ մինչեւ իր էդ նկուղային խանութի դուռն ուղեկցելով ասաց՝ «Վարուժանին ջերմ մաղթանքներս կփոխանցեք», եւ ես ժպտալով ասացի՝ «անպայման», եւ ինքը չափազանց սիրալիր ժպտալով ասաց՝ «ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում», ու ես եւս մի անգամ իրեն հաջողություն մաղթեցի ու քայլերս արագացնելով՝ մտա Վարուժենց բակ, եւ ջրի հերթն առաջվա պես նույն քանակությամբ կար, եւ հերթում արդեն միանգամայն նոր մարդիկ էին, եւ հներից միայն «Շիրակի մեղեդիների» քավոր Ալբերտ Սարգսյանն էր, որ շարունակում էր ցուցումներ տալ հերթ կանգնածներին, եւ երբ քավորն ինձ տեսավ, հին ծանոթի պես սիրալիր ժպտալով հարցրեց՝ «ինչո՞վ կարող եմ օգտակար լինել», եւ ես ժպտալով ասացի՝ «շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է», եւ քավորը տոպրակներիս նայելով ասաց՝ «ենթադրում եմ, որ Վարուժանի մոտ եք բարձրանում», եւ ես ասացի՝ «ճիշտ կռահեցիք», եւ ինքը ժամացույցին նայելով ու սիրայլիր ժպտալով ինձ ասաց՝ «մոտավորապես երկու ժամ առաջ Վարուժանի հետ վերեւ բարձրացաք», եւ ես ասացի՝ «հետո իջա խանութ», եւ քավորը ձեռքիս տոպրակներին նայելով ասաց՝ «տեսնում եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «զարմանալի է, որ Վարուժանը ոչ թե ինքն է խանութ գնում, այլ իր հյուրերին է խանութ ուղարկում», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքն ինձ խանութ չի ուղարկել. ես իմ կամքով՝ կամավոր եմ գնացել», եւ քավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ գարեջրերի տոպրակիս նայելով ավելացրեց՝ «այնուամենայնիվ, զարմանալի է» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինչքան ինձ հայտնի է, Վարուժանը նկարելիս ալկոհոլ չի օգտագործում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «միգուցե այսօր չի նկարում», եւ ես ասացի՝ «լավ էլ նկարում է», եւ քավորը մի քիչ մտածեց ու ասաց՝ եթե նկարում է, ալկոհոլ չի օգտագործի», եւ ես ժպտալով ասացի՝ «կնկարի կվերջացնի՝ հետո կօգտագործենք» եւ ժպտալով ավելացրի՝ «համ էլ՝ գարեջուրն ի՞նչ ալկոհոլ», եւ էդ պահին հերթի միջի մարդկանցից երկուսն սկսեցին իրար հրմշտել ու գոռգոռալ, եւ քավորը չափազանց խիստ տոնով երկուսին էլ սաստեց՝ «հանգստացեք» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «մարդիկ ձեր մասին ի՞նչ կմտածեն», եւ գոռգոռացողներից մեկը մյուսից բողոքելով ասաց՝ «իրա իրեք վեդրոները լցրեց՝ քիչ ա՝ հիմի էլ հարեւանի վեդրոներն ա լցնում», եւ քավորն ասաց՝ «ոչինչ. աշխարհի վերջը չի», եւ գոռգոռացողներն անմիջապես խաղաղվեցին, ու էդ պահին քամին վերստին բացեց քավորի ճաղատը, եւ ճաղատ վիճակում Ալբերտ Սարգսյանն արդեն շատ նման էր «Շիրակի մեղեդիների» քավորին, բայց իր ճաղատ վիճակն ընդամենն ակնթարթ տեւեց, եւ քավորը մի ակնթարթում իր նախկին տեսքը վերականգնեց, եւ ես ժպտալով ասացի՝ «Վարուժը որ չասեր, կարող ա ինքնուրույն գլխի չընկնեի, որ «Շիրակի մեղեդիների» քավորն եք», եւ քավորը մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «շատերն ինքնուրույն գլխի չեն ընկնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ջահելներն էդ ֆիլմը չեն էլ տեսել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «տեսնողներից շատերն էլ ինձ տեղը չեն բերում, որովհետեւ տարիների ընթացքում շատ եմ փոխվել», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի եք ջահելացել», եւ քավորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ սիրում կոմպլիմենտ չսիրողներին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ եթե էդ կոմպլիմենտները մաքուր սրտից են բխում», եւ էդ պահին հերթի մեջ էլի հրմշտոց սկսվեց, եւ քավորը շրջվեց ու կարգազանցներին չափազանց խիստ տոնով ասաց՝ «էլի՞ սկսեցիք իրար ուտել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդիկ ի՞նչ կմտածեն ձեր մասին» եւ շրջվելով ու ժպտալով ինձ ասաց՝ «բոլոր դեպքերում, կոմպլիմենտի համար չափազանց շնորհակալ եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հաճոյախոսություն կասեի, բայց հաճոյախոսությունն իր մեջ ավելի բացասական նրբերանգ է պարունակում, քան՝ կոմպլիմենտը», եւ ես քավորին ժպտալով ասացի՝ «լեզվական շատ նուրբ զգացողություն ունեք», եւ քավորն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «եւս մի ինքնաբուխ ու հաճելի կոմպլիմենտ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «կարելի՞ է հարցնել՝ մասնագիտությամբ ինչ գծով եք», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հայոց լեզվի եւ գրականության», եւ քավորը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, սատանի մայլեն քյանդրբազություն եմ անում», եւ ես ժպտալով ասացի՝ «կոմպլիմենտի համար շատ զգացված եմ» եւ ժպտալով ավելացրի՝ «իսկական գյումրեցու հումոր ունեք», եւ քավորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեր անկեղծ ու սրտառուչ կոմպլիմենտները նույնիսկ ամենահամեստ մարդուն կարող են մեծամտության մղել»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29