Նախագահական նստավայրի դիմաց այսօր եւս մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ակցիայի մասնակիցներից մեկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց, որ ցանկանում են իջնել նախագահականի դիմացով, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: «Արտառոց դեպք է եղե՞լ, որ փակ է»,-հարցրեց ակտիվիստը, ինչին ի պատասխան Օսիպյանն ասաց` «Արտառոցը դուք եք ուզում ստեղծել: Եկեք հասկանանք` ի՞նչ եք ուզում: Ձեր գործողությունների մեջ, հարգելիս, միտում եմ տեսնում: Դուք հավաքված էիք սիրահարների այգում, հետո շարժվեցիք դեպի նստավայր եւ ուզում եք ակցիա անցկացնել նստավայրի դիմաց»: Օսիպյանը պնդեց, որ ակտիվիստները դիտավորյալ են ցանկացել նախագահականի դիմացով անցնել: Ակտիվիստն էլ ասաց, որ մինչեւ նախագահական նստավայր լինելը դա Բաղրամյան պողոտան է:
«Ձեր գործողությունները դիտարկում ենք որպես ակցիա, որովհետեւ նախապես պայմանավորվել եք: Ըստ հավաքների ազատության մասին օրենքի` նստավայրից պետք է ողջամիտ հեռավորության վրա լինեք»,-ավելացրեց Օսիպյանը: Ապա` նախագահականի դիմաց մի խումբ ակտիվիստներ, այնուամենայնիվ, պառկեցին գետնին` բացականչելով` «Ազատություն Գասպարիին»: Օսիպյանի` փողոցն ազատելու հորդորներին հաջորդեցին ակտիվիստների սուլոցները:
Քաղաքացիների ազատ տեղաշարժն անօրինական կերպով խոչընդոտելու համար ոստիկաններն ակտիվիստներին բերման ենթարկեցին: Օսիպյանը լրագրողներին դժվարացավ ասել, թե այս պահին նրանք քանիսն են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ