ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել են զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը և այլ հրավիրվածներ։
2015 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4633 քրեական գործ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 2184-ը։ 667 քրեական գործ՝ 1004 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան։ Կարճվել է 1511 քրեական գործի վարույթ, 5 քրեական գործով՝ կայացվել անմեղսունակ ճանաչված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշում։
2015թ. գրանցվել է հակառակորդի կողմից կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի աճ: Մասնավորապես՝ եթե 2014թ. հակառակորդի կողմից կատարված հանցագործության դեպքերով հարուցվել է 61 քրեական գործ, ապա` 2015 թվականին՝ 152 քրեական գործ, այսինքն`91 գործով կամ 149,2 %-ով ավելի:
Կարդացեք նաև
Վերլուծելով զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում նյութերի նախապատրաստման և քրեական գործերի շարժընթացը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանը փաստեց, որ քննիչների ծանրաբեռնվածությունը, 2014 թվականի համեմատությամբ, 20 տոկոսով աճել է և միայն քրեական գործերով միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 48,4 տոկոս։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ԶՔԳՎ ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց յուրաքանչյուր քրեական գործով ողջամիտ ժամկետում օբյեկտիվ իրականության բացահայտման անհրաժեշտության վրա՝ հանձնարարելով ապացույցները ձեռք բերելիս անշեղորեն պահպանել Քրեական դատավարության օրենսդրության պահանջները։
«Յուրաքանչյուր քննիչի պարտականությունն է քրեական գործի բացահայտումը, չպետք է կաշկանդված լինեք կողմերից որևէ մեկի դիրքորոշմամբ։ Ծնողներն իրենց զավակներին վստահում են պետությանը, և ծառայության ամբողջ ընթացքում նա գտնվում է պետության հոգածության ներքո, և յուրաքանչյուր հանցագործություն զինված ուժերում պետք է դառնա մանրակրկիտ և օբյեկտիվ քննության առարկա, պարզվեն բոլոր հանգամանքները, վեր հանվեն նպաստող պայմաններն ու պատճառները՝ անկախ նրանից դա վերաբերում է դժբախտ պատահարին, թե՝ դիտավորյալ կատարված հանցագործությանը, սպանությանը, թե՝ ինքնավնասմանը»,- ընդգծեց ՀՀ ՔԿ նախագահը՝ հանձնարարելով պարբերաբար վերլուծել զինված ուժերում հանցավորությանը նպաստող պայմանները և եռամսյակը մեկ հաղորդում ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, որն առավել արդյունավետ կդարձնի նախականխիչ քայլերի ձեռնարկումը։
ՀՀ ՔԿ նախագահը դրական է գնահատել պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության հետ համագործակցությունը:
Խորհրդակցության արդյունքներով՝ շահագրգիռ կառույցները պայմանավորվածություն ձեռք բերեցին աշխատանքային կարգով շարունակել քննարկումները՝ զինված ուժերում հանցավորությունը նվազագույնի հասցնելու համար։
ՀՀ Քննչական կոմիտե