Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, կենդանասերները Երևանի քաղաքապետարանի առջև կանցկացնեն թափառող կենդանիների նկատմամբ շարունակվող ապօրինի սպանդի դեմ իրենց բողոքի ցույցը: Այս անգամ արդեն նրանք նպատակ ունեն այդ մասին տեղեկացնելու ողջ աշխարհին. «Արդեն փորձով գիտենք, որ Քաղաքապետարանի վրա էական որևէ ազդեցություն չեն թողնում նման բողոքի ցույցերը:
Ամեն անգամ ցույցից հետո փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ու դա շատ կարճ է տևում: Դրա համար այս անգամ ողջ աշխարհով մեկ կբարձրաձայնենք Հայաստանի այս կարևորագույն խնդրի մասին»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դինգո Թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ իրենք արդեն պայմանավորվածություններ ունեն արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների հետ: Վերջիններս, օգտագործելով «Դինգո Թիմ» ՀԿ-ի կողմից տրամադրվող նյութերը, կտարածեն կենդանիների նկատմամբ Հայաստանում շարունակվող ապօրինի սպանդի մասին փաստող լուրերը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ