Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին:
Ըստ այդ հայտարարության՝ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն» խմբավորման, «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված ուժերի եւ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների դեմ մարտական գործողություններին:
Փետրվարի 25-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում Սորբոնի համալսարանի դոկտոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանն անդրադարձավ այս թեմային: Նա կարծում է, որ Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիրը բնավ դարակազմիկ փաստաթուղթ չէ, ու երկար չի ձգվի: Ինչ վերաբերում է Սիրիայում հակամարտող կողմերի միջև կնքված՝ ժամանակավոր զինադադարին, այն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ , այն ձեռնտու չէ Թուրքիային, քանի որ խորհրդանշական բնույթ է կրում, իսլամիստներն էլ հետաքրքրված չեն դրանով:
Մարտիրոսյանը գտնում է նաեւ, որ հրադադարի ենթադրյալ կարճաժամկետության պատճառներից մեկն էլ այն է, որ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի եւ նրա կողմից վերահսկվող ուժերի վրա այլեւս մեծ ազդեցություն չունի:
Կարդացեք նաև
«Այդ հրադադարի արդյունքում Թուրքիան չի կարող ինտերվենցիա իրականացնել Սիրիայի տարածք, որին պատրաստվում էր Սաուդյան Արաբիայի հետ՝ քրդական խնդիրը լուծելու համար: Այս զինադադարը, որ ամենայն հավանականությամբ կվերաբերի նաեւ թուրքաբնակ թուրքմեններին, կհետաձգի թուրքական ռազմական ներգրավվածությունը Սիրիայի տարածքում, որը սիրական բանակի եւ Ռուսաստանի ռազմական ռեսուրսների խնայում է նշանակում, ու անհրաժեշտ է Հալեպում հաղթանակ ապահովելու համար: Հալեպն անկյունաքարային, բեկումնային կետ է քարտեզի վրա: Եթե իշխանություններին հաջողվի ամբողջությամբ Հալեպը վերահսկողության տակ վերցնել, ապա կարելի է համարել, որ դրանով պատերազմում Սիրիայի կառավարական զորքերի եւ Ռուսաստանի պաշտոնական հաղթանակի սկիզբը կդրվի»,-ասում է Մարտիրոսյանը:
Ըստ բանախոսի, նրանք, ովքեր լուրջ են վերաբերվում Իսլամական պետության որեւէ հայտարարության, մոլորության մեջ են, որովհետեւ «Այդ կազմակերպությունն ունի պրոպագանդիստական հզոր մեքենա, որեւէ հայտարարություն տարածելիս հետապնդում է այս կամ այն նպատակը եւ բացի բուն Ջիհադի՝ իր գծած ուղուց, չի ենթադրում որեւէ շեղում: Թուրքիա-Իսլամական Պետություն ենթադրյալ համագործակցությունը բավական իրական է, կարծում եմ այն շարունակվելու է եւ որեւէ փոփոխություն այդ համագործակցության մեջ չի լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ