«Ես ունեմ երկու կարծիք Հայաստանի բոլոր այն ուժերի մասին, որոնք քարոզում են, որ եկեք գնանք 2017 թվականի ընտրություններին: Կամ դուք խաղում եք Սերժ Սարգսյանի դաշտում, կամ դուք լինելով քաղաքականության մեջ, քաղաքականության «ա»-ն ու «բ»-ն չգիտեք. միամիտ եք»,- այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների առաջ քաղաքական ուժերը գոռգոռում էին, որ դա վատ է, պայքարենք. «Վերջին 1.5 ամիսների ընթացքում լսե՞լ եք որեւիցե մի ուժից այդ հարցը սուր բարձրաձայնելիս: Ես էլ չեմ լսել: Վերջին 1.5 ամիսների ընթացքում Հայաստանում շատ լուրջ իրադարձություններ տեղի ունեցան մեր երկրի համար: Դա եւ այս ծիծաղելի կոալիցիան էր, եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությունն էր, եւ մի շարք այլ հարցեր»:
Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ վերջին շրջանում քաղաքական ուժերից չի լսվել որեւէ լուրջ վերլուծություն կամ նախաձեռնություն. «Դրա համար «Ոտքի Հայաստանը» նորից սկսում է ակտիվ գործողությունների շարքը: Այսօր մենք գիշերն ավելի մանրամասն կքննարկենք բոլորի հետ, կասենք մեր ծրագրերը: Համոզված եղեք, որ մենք գնալու ենք միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ճանապարհով»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ