Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական համակարգի բացթողումները ՀՀ նախագահին չեն զեկուցվում այնպես, ինչպես կան». Գևորգ Սաֆարյանի փաստաբան

Փետրվար 25,2016 19:40

Ակտիվիստ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին և Արդարադատության խորհուրդ՝ 4 դատավորների քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Այս մասին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ըստ փաստաբանի՝ Գևորգ Սաֆարյանի գործով չորս դատական ակտերն իրականացրած դատավորներն ակնհայտորեն թույլ են տվել խախտումներ, որոնք դատական ակտը դարձնում են ապօրինի, որոշ դեպքերում էլ հրաժարվել են արդարադատություն իրականացնելուց:

Փաստաբանը մանրամասնորեն ներկայացրեց այն խախտումները, որոնք, իր խոսքով, իրականացվել են իր պաշտպանյալի նկատմամբ:

Նա նաև տեղեկացրեց, որ Գևորգ Սաֆարյանին ձերբակալելուց երկու ամիս անց, նոր մեղադրանք է ներկայացվել. «Երկու ամիս շարունակ Գևորգ Սաֆարյանին մեղադրում էին Գեղամ Խաչատրյանի օրինական կարգադրությունները չկատարելու և նրան բռնության ենթարկելու մեջ,- նշեց նա,- իսկ երեկ մեզ նոր մեղադրանք առաջադրվեց: Քանի որ մենք մանրամասնորեն հիմնավորել էինք, որ ոստիկանության գործողությունները և Գեղամ Խաչատրյանի պահանջը չեն կարող օրինական դիտվել, քննիչը երեկ մի նոր մեղադրանք ներկայացրեց: Ըստ դրա՝ ոստիկաններն իրենց պաշտոնական պարտականություններն են կատարել Ազատության հրապարակում: Քիչ հեռվում եղել է հանրահավաք, որի մասնակիցները փորձել են սադրել, վեճ հրահրել ոստիկանության աշխատակիցների հետ, և վեճի ընթացքում Գևորգ Սաֆարյանը բռունցքով ու ոտքով հարվածել է Գեղամ Խաչատրյանին: Ընդգծենք, որ կամայական երկու հոգու կռիվ չի կարելի մեկնաբանել իբրև իշխանության ներկայացուցչի դեմ կատարված բռնություն: Հասկանալով, որ դա ակնհայտորեն անհիմն մեղադրանք է, քննիչը հանեց և նոր, լղոզված մեղադրանք առաջադրեց: Հարց է առաջանում՝ եթե Գևորգ Սաֆարյանը ոտքով հարվածել է, ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանն այդ մասին երկու ամիս շարունակ ոչինչ չի ասել»:

Այն հարցին՝ արդյոք ինչ սպասելիքներ ունի ՀՀ նախագահին և Արդարադատության խորհուրդ դիմումներից, փաստաբանն ասաց. «Ես ինչ-որ տեղ մտածում եմ, որ դատական համակարգի բացթողումները հանրապետության նախագահին չեն զեկուցվում այնպես, ինչպես կան: Իրականում այս պահին մեր դատական համակարգը հոգեվարքի մեջ է: Դատարանը չի կարող հրաժարվել ուղղակի փաստարկներ, իրավաբանական հիմնավորումներ բերելուց: Իսկ մենք հասել ենք նրան, որ հղում են կատարում Վճռաբեկ դատարանի «նախադեպային» որոշումներին և ասում, որ Վճռաբեկ դատարանն իրենց թույլ է տվել պատճառաբանություններ չներկայացնել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29