Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Եվրոպական երկրները պատասխանատվություն են կրում Գասպարիի եւ Սաֆարյանի հարցերով

Փետրվար 25,2016 18:50

«Գեւորգ Սաֆարյանի եւ Վարդգես Գասպարիի նկատմամբ կատարված խոշտանգումները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վկայում են, որ այդ գործողությունները կազմակերպված են մեկ կենտրոնից եւ համակարգվում են այդ նույն վայրից: Երկրում իրականացվում է քաղաքականություն կոնկրետ քաղաքական եւ քաղաքացիական գործիչների դեմ, որ նպատակն է կոտրել այդ մարդկանց կամքը դիմադրելու Հայաստանի քրեական ռեժիմին»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նա ասաց, թե «Նոր Հայաստանը» գտնում է, որ այս ամենի մեջ կարեւոր հանգամանքն այն է, թե ինչու «քրեական ռեժիմը համարում, որ ինքը կարող է նման քաղաքականություն վարել եւ մնալ անպատիժ: Իրենք համարում են, որ այդ գործողությունները, որոնց մասին հանրությունը տեղեկացվում է մեդիայի միջոցով, չեն առաջացնի հայ ժողովրդի ընդվզումը»:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները համարում են, որ միջազգային հանրությունը, եվրոպական պետությունները կանտեսեն այդ գործողությունները եւ որեւէ քայլ չեն ձեռնարկի Հայաստանի դեմ. «Հայաստանը ԵԱՀԿ-ի տարածքում գտնվող պետություն է: Եվրոպայի պետությունները հավասար պատասխանատվություն են կրում մեր կառավարության հետ միասին այն բոլոր մարդու իրավունքների խախտումների համար, որոնք տեղի են ունենում Հայաստանում»:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ Գեւորգ Սաֆարյանի եւ Վարդգես Գասպարիի նկատմամբ կատարված խոշտանգումների համար պատասխանատվություն են կրում նաեւ եվրոպական երկրները. «Մեր ռազմավարությունն այս իրավիճակում հետեւյալն է: Մարտի 1-ին մեր քաղաքացիների համատեղ գործողություններից կախված կլինի այն հարցի պատասխանը, թե ինչպես է հանրությունն արձագանքում նման քաղաքականությունը: Այդ օրը մյուս քաղաքական ուժերի հետ համատեղ հանդես ենք գալու քաղբանտարկյալների երեւույթի դեմ»:

«Նոր Հայաստանն» ակնկալում է, որ մոտակա ժամանակներս ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների դեսպաններն իրենց գնահատականը կտան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Մասնավորապես վերջին ամիսներին քաղբանտարկյալների նկատմամբ կատարվող խոշտանգումների վերաբերյալ: Սա եւս կարեւոր նշանակություն ունեցող հանգամանք է մեր երկրի քաղաքական զարգացումների համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29