Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի առիթով քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երևանցիների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային-ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը նկատել է, որ Զորավարի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի և միության ամենամյա Եռաբլուր այս այցելությունն ուղղակի պարտականություն չէ, այլ մեծ խորհուրդ ունի իր մեջ: Կամո Արեյանը նաև հավելել է, որ Անդրանիկ Օզանյանն իր էությամբ ներկա ու գալիք սերունդներին հրամայաբար, իրեն վայել հրամանով մեկ բան է պարտադրում՝ պատասխանատվություն հայրենիքի հանդեպ:
«Ամենամեծ խորհուրդն այն է, որ Զորավարն այստեղ նորօրյա ժամանակների իր փափագած սերնդի կողքին է ամփոփված, այն սերնդի, որը անդրանիկաբար պայքարեց ու վերանվաճեց հաղթանակած հայ լինելու մեծագույն պատիվը: Անդրանիկ Զորավարի հավատամքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն էր, ինչը մշտապես փոխանցում էր բոլորին: Անդրանիկը մեր ժողովրդի այն հազվագյուտ զավակներից մեկն է, ում ժողովուրդը դեռ կենդանության օրոք կոչեց հերոս: Ու դա թերևս ամենամեծ խորհուրդն ու պատգամն է, թե ինչպիսին պետք է լինել: Մի խոսքով, յուրաքանչյուր հայի նվիրական պարտքը պետք է լինի անդրանիկաբար ապրելն ու գործելը, ինչն իր հերթին մեր երկրի ու ազգի հարատևման ամենամեծ գրավականն է», – նշել է Կամո Արեյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան