Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծեծել, վառել…». նույնասեռականների նկատմամբ բռնությունը խրախուսվում է «վերևներից»

Փետրվար 25,2016 17:45

Սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում դրսևորվում է անհանդուրժողականություն և խտրական վերաբերմունք ոչ միայն հասարակության կողմից, այլև շատ հաճախ իրավապահ մարմինների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների կողմից, երբ տուժողները դիմում են նրանց՝ օգնություն և պաշտպանություն ստանալու ակնկալիքով:

Իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են, որ Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային իրավական ակտեր և կոնվենցիաներ, որով պետք է պաշտպանվեն սեռական փոքրամասնության իրավունքները, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտություն կա «Հակախտրականության մասին» առանձին օրենք ընդունելու:

Վերջին օրերին՝ փետրվարի 15-ին, Երևանում 3 անհայտ անձինք ծեծի ենթարկեցին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ներկայացուցիչների: Նրանք դուրս էին եկել զբոսնելու Երևանի Մոսկովյան փողոցի հատվածում: Նրանցից երկուսը եղել են աղջիկ, երեքը տրանսգենդեր, որոնցից մեկը եղել է կանացի կերպարով:

Տուժածները պատմում են, որ դեպքի վայրում անծանոթ տղաներ են մոտեցել իրենց, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, այնուհետև հարձակվել են տրանսգենդեր երիտասարդներից մեկի վրա ու սկսել ծեծել՝ ասելով թե «hոգնել ենք ձեր նմաններից»:

Մյուսները փորձել են միջամտել, բաժանել նրանց, սակայն նույնպես ընկել են հարվածների տակ:

Դեպքից հետո մոտեցել են Օպերայի շենքի տարածքում գտնվող պարեկային ոստիկանությանը, որտեղ նրանց հորդորել են շտապ դիմել ոստիկանություն:

Դեպքի հաջորդ օրը առավել շատ տուժած երիտասարդներից մեկը դիմել է Երևանի՝ Հերացի թիվ 1 հիվանդանոց, գլխի և մարմնի մյուս հատվածներում ստացած վնասվածքները բուժզննելու համար:

«Հիվանդանոցում մի քանի արտաքին զննում են արել, հետո ասել են, որ գլուխը նկարելը փողով է, պետք է վճարի: Որ տեսել են չի կարող վճարել, թուղթ են տվել, ասել են ստորագրի, որ հրաժարվում ես: Հերիք չի ոչ մի բան չեն ստուգել, սկսել են ծաղրել նրան, որ տեսել են՝ տարբերվող է: Քչփչալով, կողքի սենյակ գնալ-գալով, թաքուն խոսելով: Վերջում էլ ասել են, անվճար արյան անալիզ ունենք, արի մի հատ տեսնենք ինչ շեղումներ ունես, կարողա էդ անվճար բուժենք: Դրանից հետո նա ջղայնացել է ու դուրս եկել հիվանդանոցից»,-պատմում է «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, ով զբաղվում է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ:

Mamikon-Hovsepyan

Նա նշում է, որ տուժած երիտասարդի հետ անձամբ գնացել է ոստիկանության բաժին, որտեղ պետք է ցուցմունք ներկայացվեր միջադեպի մասին:

«Ոստիկանությունում ավելի զուսպ էին իրենց պահում, փորձում էին ինչ որ քմծիծաղներ տալ, բայց վերջիվերջո քննիչին հանդիպեցինք և տուժածը ամեն ինչ պատմեց, ներկայացրեց: Հիմա պետք է մյուսները որպես վկա գնան և իրենց ցուցմունքները ներկայացնեն, բայց արդեն անցել է մի քանի օր բողոքը ներկայացնելուց հետո, ու տուժողին չեն կանչում դատաբժշկական փորձաքննության: Փոխանակ առաջնային դա անեն, ձգում են, որ հարվածների հետքերը ու վնասվածքները վերանան»,-ընդգծում է Հովսեփյանը:

Ըստ «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի ստացած ահազանգերի, 2015-ին գրանցվել է ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման 46 դեպք: Իսկ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ահազանգերի թվով 2015-ին արձանագրվել է 86 նմանատիպ դեպք:

Իրավապաշտպանները նշում են, որ հաշվի առնելով նախկինում գրանցված դեպքերը, նույնասեռականության հիմքի վրա կատարված ոչ մի հանցագործություն մինչև վերջ չի քննվել:

Հովսեփյանի խոսքով՝ գործը կարճում են հանցակազմի բացակայության, բավարար ապացույցներ չունենալու հիմքով, կամ երբեմն շրջում են հենց տուժողի դեմ:

«Տուժողների մեծ մասը նույնիսկ խուսափում է դիմել ոստիկանություն, որովհետև վախենում են հոգեբանական ճնշումների ենթարկվել ոստիկանությունում: Շատ են եղել դեպքեր, որ բռնություն կիրառողին գտել են, բայց եկել են ներքին պայմանավորվածության, կաշառք են տվել, թե փոքր տուգանք են գրել, չգիտեմ, բայց երբ տուժողը գնացել է առերեսման, ոստիկանության աշխատողները բռնություն կիրառողի հետ մի թիմ են կազմել ու տուժողին ճնշումների ենթարկել, ծաղրել, նվաստացրել: Իսկ դեպքեր ենք ունեցել, որ անգամ գործը շրջել են հենց տուժողի դեմ»,-ընդգծում է Հովսեփյանը:

Նա նշում է, որ իրավապահ համակարգի, ինչպես նաև առողջապահության ոլորտի շատ ներկայացուցիչներ նույն կարծրատիպերի, խտրական մոտեցման և անհանդուրժողականության կրողներն են, ուստի բռնության ենթարկված անձը իրեն ամբողջովին անպաշտպան է զգում և հաճախ ցանկություն էլ չի ունենում դիմելու այդ կառույցներին:

«Մենք դեպք ենք ունեցել 2 տարի առաջ, որ տրանս մարմնավաճառին դանակահարել են ու արյունահոսությամբ տեղափոխել հիվանդանոց, բայց այնտեղ բժիշկները չեն ուզել բուժօգնություն տրամադրել, երբ իմացել են տրանս է: Հիվանդանոցում մեծ կռիվ է եղել ու դրանից հետո նոր փորձել են որևէ օգնություն ցուցաբերել»,-նշում է Հովսեփյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանն ասում է, որ հիմնվելով մի քանի դեպքի վրա, չպետք է այդ երևույթը մասսայականացնել և ասել, որ հասարակությունը անհանդուրժողական է սեռական փոքրամասնությունների նկատմամբ:

«Նախկինում սեռական փոքրամասնությունը ընկալվում էր որպես պաթոլոգիա և դասակարգված էր որպես հիվանդություն: Այսօր մարդիկ պետք է կարողանան ընդունել, որ արդեն 1973 թվականից սկսած դասակարգումից հանվել է վերոնշյալ ախտորոշումը և հետևաբար այդ խտրականություն, ստիգմա հասկացությունը ինչ որ չափով պետք է դուրս գա հասարակությունից: Բայց մենք գիտենք, որ հայերի մոտ նաև մտածելակերպի առանձնահատկություններ կան»,-ասում է Հարությունյանը:

Նա կարծում է, որ խտրականության դրսևորման պատճառները գալիս են դեռ վաղ հասակից, ընտանիքում սեռական դաստիարակության բացակայությունից և տեղեկատվության պակասից:

«Ես ինքս նմանատիպ կանխակալ վերաբերմունքի չեմ հանդիպել բժշկության ոլորտում: Բժիշկները անցնում են բժշկական հոգեբանություն, որի ընթացքում քննարկվում է տարբեր հիվանդությունների հարցում բժշկական դեոնթոլոգիան, որը որևէ տարբերակում չի դնում, թե ով է դիմում բժշկին: Այսինքն` նրանք ունեն որոշակի մասնագիտական էթիկա, որը իրականացնում են»,-նշեց Հարությունյանը:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Սերգեյ Գաբրիելյանն ասում է, որ խնդիրը կապված է ոչ միայն օրենսդրական կարգավորումների բացակայության հետ, այլև հանրության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ չիրականացնելու հետ:

«Տարիներ շարունակ իշխանությունները պրոպագանդա են արել, որ նույնասեռականությունը հիվանդություն է, և այդ մարդկանց պետք է վառել, ջարդել, փշրել, վտարել երկրից, իբր նրանք հասարակության մեջ տեղ չպետք է ունենան, դե հասարակությունն էլ շարունակում է պահել իրեն նույն ձև, կատարել նույն հանցագործությունները` մտածելով որ դա թույլատրելի է վերևից, մեկ է իրենք չեն պատժվելու: Մինչդեռ իշխանությունները, պաշտոնատար անձինք, հենց իրենք պետք է գիտակցեն ու փոխեն իրենց մեսիջը՝ բացատրելով հասարակությանը, որ նույնասեռականներին պետք է ընդունել հավասարը հավասարի սկզբունքով»,-ընդգծում է Գաբրիելյանը:

Սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության երևույթը նվազեցնելու և դրա դեմ պայքարելու համար Հայաստանը ստացել է նաև միջազգային կառույցների հանձնարարականներ, սակայն այս առումով որևէ տեղաշարժ չկա: 2015-ին ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում Հայաստանին ուղղվել է հանձնարարական՝ ընդունելու խտրականության դեմ պայքարի մասին օրենք, որը կներառի իր մեջ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը:

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Ղազարյանն ասում է, որ քանի դեռ չկա խտրականությունն արգելող և պատասխանատվության ենթարկող օրենսդրական կարգավորում, ապա բռնարարների, իրավապահ մարմինների կամ առողջապահական համակարգի ներկայացուցիչների մոտ ոչ մի կաշկանդող հանգամանք չի լինի տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար:

«Ու դա իր հերթին նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանն ու հաստատմանը: Այն հանցագործությունները, որոնք խտրականության և անհանդուրժողականության հիմքով են կատարվում, համապատասխան արձագանք չեն ստանում ու որակյալ քննության չեն ենթարկվում, որովհետև կոնկրետ մոտիվը՝ խտրականության հիմքը, սահմանված չէ օրենքով: Իսկ տուժողին փոխհատուցում տալու մասին խոսելը, նույնիսկ ավելորդ է այս իրավիճակում»,-նշում է Ղազարյանը:

«Իսկ այսօր, քանի որ օրենքը չկա, նման գործերը քննվում են որպես սովորական հանցագործություն ու բռնարարը չի կրում կոնկրետ պատասխանատվություն ատելության կամ խտրականության հիմքով կատարած հանցագործության համար, քանի որ դրա իրավական կարգավորումը գոյություն չունի»,-ասում է Ղազարյանը:

Իրավապաշտպանները միաձայն պնդում են, որ հակախտրականության մասին օրենքը հնարավորություն կտա վերապատրաստել իրավապահ համակարգի և բժշկական ոլորտի մասնագետներին, վերահսկել, ուղղել նրանց սխալները, տուգանքներ սահմանել, իսկ զոհին փոխհատուցել, պաշտպանության մեխանիզմներն ու ինստիտուտը ներդնել:

«Կարևոր հանգամանք է նաև այն, որ օրենքը կունենա կանխարգելիչ բնույթ: Դրան զուգահեռ կարևոր աշխատանք է հանրային իրազեկումը, մարդկանց ընկալումները, մոտեցումները փոխելը, ինչում մեծ դեր ունի մեդիան: Ցավոք, այսօրվա մեդիան նույնպես ողողված է ատելության կոչերով և խիստ կողմնակալ է անդրադառնում այս խնդրին»,-նշում է Հովսեփյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀՀայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:     

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsar

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29