Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված համաձայնագիրը քաղաքական խորքային համաձայնագիր է›› .Արտակ Զաքարյան

Փետրվար 25,2016 17:22

‹‹Երեկ՝ փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված համաձայնագիրը քաղաքական առումով բավականին երկարատև գործունեության և ՀՀԿ-ՀՅԴ երկխոսության արդյունքում ծնված քաղաքական խորքային համաձայնագիր է: Այն բավականին մանրակրկիտ ձևով անդրադառնալու է տարբեր ոլորտների՝ դատական, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարեփոխումներին և նոր Սահմանադրությամբ պահանջվող բոլոր այն նորարարություններին, որոնք արդեն իսկ հրամայական են իրավական դաշտում››,- այսօր «Արմենպրեսի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ այս կոալիցիան յուրովի է այնքանով, որ իշխող քաղաքական ուժը չուներ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն մեծամասնություն ձևավորելու առումով, բայց երկրում ստեղծված խնդիրները, իրավիճակները, անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները և նոր մարտահրավերների հավանականությունը բերում են կայացած քաղաքական ուժերի երկարատև համագործակցության անհրաժեշտության:

‹‹ՀՅԴ-ն լավ գործընկեր կարող է լինել, քանի որ երկար ժամանակ քաղաքական կյանքում իր ուրույն ձեռագիրն է ունեցել, իսկ Հանրապետականի դերակատարությունը առանցքային և դոմինանտ է մեր պետության քաղաքական համակարգում, հետևաբար այս կոալիցիան պետք է դիտել նաև որպես պետության կայուն զարգացման համար կարևոր քաղաքական երաշխիք››,-նշեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ սա և՛ Հանրապետականի համար, և՛ Դաշնակցության համար պատասխանատվության նոր փուլ է ենթադրում, նոր երաշխիքներ բերում քաղաքացուն, պետությանը, զինվորին:

Նա շեշտեց, որ Դաշնակցությունը, ամբողջական պատասխանատվություն ստանձնելով, ստանձնեց այն գերատեսչությունների և ճյուղային ոլորտների ղեկավարման պատասխանատվությունը, որոնք նպատակահարմար է գտել, իհարկե, ունենալով Հանրապետական կուսակցության համաձայնությունը:

‹‹Այս կոալիցիան առանձնահատուկ է նաև նրանով, որ անկախ չափսից, անկախ մասնակցության ձևաչափից Դաշնակցությունը ստանձնում է ամբողջական պատասխանատվություն նաև տրանսպորտի ոլորտի, սոցիալական ոլորտի համար այնպես, ինչպես Հանրապետական կուսակցությունը պատասխանատու է կրթության, տարածքային կառավարման ոլորտների համար››,-հավելեց Արտակ Զաքարյանը:

Նունե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29