Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իրականության համար անսովոր կերպար էր Անդրանիկը, ու դա չներվեց». Կարո Վարդանյան

Փետրվար 25,2016 17:02

Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) ծննդյան օրն է: Այս տարի լրանում է նրա 151-ամյակը:

«Մենք հաճախ ենք տրտնջում, որ որևէ երևելի մարդ մեր իրականության մեջ ըստ արժանվույն չի գնահատվել, երբ դեռ ողջ է եղել: Զորավար Անդրանիկը քիչ բացառություններից է: Նա իր ողջության օրոք դարձավ վիպասքերի, լեգենդների, առասպելների թեմա, դարձավ բազմաթիվ երգերի հերոս: Մեր իրականության համար անսովոր կերպար էր Անդրանիկը, ու դա չներվեց: Կային կուսակցություններ, քաղաքական գործիչներ և տեսնում էին, որ ամենուրեք մի մարդու անուն են տալիս, նրա մասին են երգում: Ի դեպ, մեր երևելի հերոսներին՝ Աղբյուր Սերոբին, Գևորգին, Հրայրին, Նժդեհին, Դրոյին և մյուսներին նվիրված երգերը նրանց մահից հետո են ստեղծվել, իսկ Անդրանիկն իր ողջության օրոք արդեն հարյուրից ավելի երգերի հերոս էր»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Karo-Vardanyan

Կարո Վարդանյանի լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Անդրանիկին նվիրված գեղեցիկ երգերի, վիպասքերի հյուսմանը զուգահեռ, ըստ բանախոսի, սկիզբ դրվեց նաև մի կեղծ պատմագրության. «Առաջին սերունդն այդ կեղծիքներին չէր հավատում, որովհետև բոլորն էլ տեսել էին Անդրանիկին, նրա կերպարը շատ ամուր էր նստած այդ սերնդի մեջ: Բայց հետագա սերունդների համար արդեն այդ մոգոնված պատմագրությունը սկսեց պատմական աղբյուրի արժեք ձեռք բերել: Այսօր էլ մարդիկ դրանցով դոկտոր ու ակադեմիկոս են դառնում, հղումներ են անում՝ ակամա տարածելով այդ կեղծիքները»,- իր մտահոգությունն արտահայտեց Կ. Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Անդրանիկի մասին ամեն տեսակի մեղադրանքների կարող ենք հանդիպել. «Ասում են՝ գոռոզ էր, ինքնիշխան, ոչ մի հեղինակություն չէր ընդունում, ոչ մեկի չէր ենթարկվում… Իհարկե չէր ենթարկվում: Եվ ո՞ւմ պետք է ենթարկվեր Անդրանիկի պես վիթխարի ուժը: Երանի լիներ այնպիսի մեկը, որին ենթարկվեր նա: Այդ դեպքում մենք երկու Անդրանիկ կունենայինք: Իսկ եթե երկու Անդրանիկ ունենայինք, ինչպես ժամանակին Թովմաս Նազարբեկովն էր ասում, թուրքերն այսօր ոչ թե Կարսի պատերի տակ կլինեին, այլ՝ իրենց Անկարայում:

Կամ ասում են՝ խռովեց Հայաստանից ու թողեց գնաց: Դա հերյուրանք է, որով փորձում են նսեմացնել զորավարի հիշատակը: Ինչպե՞ս կարող է հայրենիքից խռովել մի մարդ, որը երեսուն տարի անընդմեջ մարտական գործողությունների մեջ է եղել հայրենիքի համար: Այսպիսի մեղադրանք հնչեցնողները երբևէ հարց տվե՞լ են իրենց, թե Կովկասում ինչ պիտի աներ բոլոր ուժերի կողմից մերժված Զորավար Անդրանիկը:

Լավ, ենթադրենք՝ մնում էր: Նա զինվորական էր ու պետք է անցներ զինվորական ծառայության, չէ՞: Բայց որևէ մեկը մտածե՞լ է՝ ում ենթակայության տակ նա պետք է ծառայության անցներ՝ պաշտպանության նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի՞, նրա տեղակալ Դրոյի՞… Անուններ չտամ… Մարդիկ, որոնց ժամանակին պատժել էր արկածախնդրության, խմբապետական կապիկությունների և այլնի համար:

Իմ վաղամեռիկ գրող ընկերներից մեկը շատ պատկերավոր է այս հարցին պատասխանել. ասել է՝ Կովկասից հեռանալով՝ Անդրանիկը մեզ փրկեց եղբայրասպան լինելու նախատինքից… Ի վերջո, դա էր լինելու վերջը. այդ ձեռագիրը մեզ անծանոթ չէ: Իսկ Անդրանիկի մահը շատերն էին տենչում»,- ասաց Կ. Վարդանյանը:

Նա հուսով է, որ երիտասարդ սերունդը կկարողանա ճշմարտությունն ու կեղծիքը տարբերել իրարից. «Պետք չէ Անդրանիկին մեծարել ու փառաբանել: Ընդամենը պետք է ներկայացնել այն Անդրանիկին, որին ունեցել ենք»,- ընդգծեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29