Լրահոս
Օրվա լրահոսը

Կվերացվեն ԵԱՏՄ երկրներից  ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները

Փետրվար 25,2016 16:45

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը շնորհավորել է ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նշանակված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը շնորհավորել է նաև Արմեն Երիցյանին, ով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Այնուհետև գործադիրի ղեկավարը նշել է. «Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը: Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ. Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել  Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Հարցը քննարկելով ՀՀ Նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց մտցնել  Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»:

Ըստ այդմ՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն է տվել  «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը  համարվել է անհետաձգելի :

Աջակցություն կստանա ներդրումային հերթական ծրագիրը

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Հիմնավորման համաձայն՝ «ՎԿՍ Արմենիա»-ն 2007թ.-ից գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում է տոլինգային եղանակով՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա՝ կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի  տրամադրած հումքով և սարքավորումներով: Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2013թ. ընկերությունը ձեռք է բերել սեփական տարածք: Որոշմամբ ընկերությանն արտոնություն տրամադրելը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման համար: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշումը կնպաստի թեթև արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև  նոր աշխատատեղերի  ստեղծմանը:

Կառավարությունը որոշել է  «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի IFAD համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին պետբյուջեից տրամադրել 346,020.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի քան 173,000,0 հազ. դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2016թ. դեկտեմբերի 18-ը մարման ժամկետով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հետևություններ անել և հանձնարարել օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել միջազգային պայմանագիրը խախտած  պատասխանատուներին:

Գործադիրն ընդունել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին հավանություն տալու մասին» որոշում: Ծրագրի իրականացման արդյունքում Դիլիջան համայնքը կունենա հիմնանորոգված մանկապարտեզ, ինչը կապահովի երեխաների հաճախելիության մեծացում, կբացվի նոր խումբ, լավագույն պայմաններ կստեղծվեն մանուկների գեղագիտական մակարդակի բարձրացման, առողջության ամրապնդման, ինչպես նաև մանկապարտեզն սպասարկող անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման համար։ Կստեղծվեն հիմնական և ժամանակավոր աշխատատեղեր։

Վարչապետը հանձնարարել է ստուգել որոշ ՋՕԸ-երի ֆինանսական գործունեությունը

Կառավարությունն ընդունել է «Ջրօգտագործողների ընկերություններում առաջացած պարտավորությունները մարելու մասին» որոշում, որի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ ճեղքվածքը մարելու նպատակով 2016թ. ընթացքում  ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակների հաստատելու անհրաժեշտությամբ: Գումարները կծախսվեն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի դիմաց առաջացած պարտքի մարման համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ  բանակցել են բաշխիչ ցանցերի հետ, և 2015թ.-ի համար ամբողջական տույժ-տուգանքները՝ 250 մլն դրամի չափով, հանվել է և չի հաշվառվել:  Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այստեղ, իրոք, կա խնդիր, որը քննարկվել է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ուսումնասիրվել են բոլոր ֆինանսական պարտավորությունները, այդ թվում՝ նաև էլեկտրաէներգիայի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ստուգել որոշ ջրօգտագործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև տարիների ընթացքում առաջացած էլեկտրաէներգիայի պարտավորությունների հիմնավորումն ու անաչառությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր մեղավոր են էլեկտրաէներգիան  չխնայելու և անհիմն ծախսեր կատարելու հարցում:

Գործադիրն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին որոշում՝ Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները չկանգնեցնելու և հնարավորինս արագ սկսելու համար: Ըստ հիմնավորման՝ «Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի շրջանակում ընթանում են նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Ջրամբարի կառուցման արդյունքում ակնկալվում է տնտեսական արդյունավետության ավելի բարձր ցուցանիշների ապահովում: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն, և քայլեր են ձեռնարկվում ծրագիրը շուտ կյանքի կոչելու համար:

Կբարելավվի դատապարտյալների տեսակցությունների տրամադրման գործընթացը

 Քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Փոփոխություններով կընդլայնվեն դատապարտյալների կապի հնարավորություններն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, կբարելավվի տեսակցությունների տրամադրման  և անցկացման գործընթացը, ինչպես նաև կկանոնակարգվեն ծառայության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները: Տեսակցությունների տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման և դրանց ընթացքի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել տեսակցող անչափահաս անձանց թվաքանակը:

Կառավարությունը քննարկել  և եզրակացություն է  ներկայացրել ԱԺ  մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի  ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի և խնդիրների իրացում և միաժամանակ անձի՝ արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում:  Գործադիրը ներկայացրել է առաջարկություն, որն  ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:

Միջազգային համագործակցություն

 Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Ըստ հիմնավորման՝ երկու երկրների  կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002թ.-ին: Հիմք ընդունելով համաձայնագրի ստորագրմանը հաջորդած տնտեսական և ներդրումային ոլորտի զարգացումները` էմիրաթական կողմն առաջարկել է համաձայնագրի նոր` փոփոխված նախագիծ, որը լրամշակվել է պայմանավորվող կողմերի միջև կայացած քննարկումների արդյունքում: 16 հոդվածներից բաղկացած նախագծով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության  և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին»  հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագիր  կնքելու առաջարկությանը:  Համաձայնագրի նպատակն է կողմերի միջև իրավական պարտավորություն առաջացնող փաստաթղթի միջոցով ստեղծել այն իրավական հիմքը, որը երկու կողմերի ծառայողներին ուղեկցող անձանց՝ վերջիններիս ընտանիքի անդամներին, մյուս կողմի պետության տարածքում առանց որևէ խոչընդոտի աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություն կտա: Համաձայնագիրը կոչված է ապահովելու այդ իրավունքը, ինչպես նաև կարգավորելու դրա ծագման, իրականացման ու դադարեցման մեխանիզմները:

Համաձայնություն է տրվել նաև  «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը:     Նախատեսվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության  արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:         ««Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը ևս արժանացել է կառավարության  համաձայնությանը: Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան կնքվել է դեռևս 1999թ.-ին: Նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով վերանայվել են անկախ գործունեություն իրականացնելու դեպքում ստացված եկամուտների հարկման մոտեցումները՝ համապատասխանեցնելով ՏՀԶԿ հարկային համաձայնագրերի մոդելային տարբերակի դրույթներին:

Կապահովվի  գիտական աստիճանաշնորհման բաց և  օբյեկտիվ  գործընթաց

    Գիտական աստիճանաշնորհման գործընթացը սահմանված ժամկետում գործնականում անխոչընդոտ ապահովելու և հստակ կարգ սահմանելու նպատակով կառավարությունը  փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առաջարկված կարգավորմամբ՝ գիտական աստիճանի վկայագիր հանձնելու կամ միջնորդությունը մերժելու համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) համար հիմք են հանդիսանում  փորձաքննության արդյունքները: Միաժամանակ նախատեսվել է, որ ԲՈՀ-ը վերջնական որոշում կայացնելու նպատակով մասնագիտական խորհուրդներից ստացված որակավորման գործն ուղարկում է  փորձաքննության ՝  համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի՝  կանոնակարգի համապատասխան  կետերով նախատեսված պահանջներին, չափանիշներին համապատասխանությունը ստուգելու և եզրակացություն ստանալու նպատակով: Հստակեցվել են նաև ԲՈՀ-ի համապատասխան որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետները, առանձնացվել են գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը մերժելու կամ պատճառաբանված հիմնավորմամբ որակավորման գործը  խորհուրդ հետ  վերադարձնելու, խորհրդում այն քննարկելու դեպքերը: Այսպիսով,  գիտական աստիճան շնորհելու կամ մերժելու մասին որոշումները կլինեն ավելի պատճառաբանված՝ հիմնված համապատասխան բնագավառի փորձագետի եզրակացության վրա:

Գործադիրը հաստատել է Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը: Հիմնավորման  համաձայն՝ գործող իրավական ակտերը հնարավորություն չէին տալիս հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին կրթությունը համապատասխանեցնել համընդհանուր եվրոպական պահանջներին: Հետբուհական կրթության համադրելիությունը և համապատասխանությունը Բոլոնիայի պահանջներին և Զալցբուրգյան սկզբունքներին ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, ինչպես նաև դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման պահանջները:

 Այլ որոշումներ

Կառավարությունը հաստատել է Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: Որոշմամբ կկարգավորվեն նաև բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման գործընթացում կառուցապատող-պետություն, պետություն-շահառու և շահառու-վարկատու հարաբերությունները,  համալիրի բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանի ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված հարցերը, կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրին, մասնավորապես՝ ներքին և արտաքին հարդարման,  բարեկարգման աշխատանքներին, ինժեներական ցանցերին և  կաթսայատանը, ավտոկայանատեղերին որոշման նախագծով ներկայացվող պահանջների ապահովման հետ կապված հարցերը:

Գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի 2016թ. բյուջեն: Ծրագրի իրականացումը կապահովի նաև տուբերկուլոզի ախտորոշման և խնամքի բարելավված որակ՝ ամբուլատոր մակարդակում, հիվանդի կողմից բուժման պահանջներին հետևելու, մայրական և նորածնային հիվանդացության և մահացության հիմնական պատճառների ախտորոշման և բուժման բարելավում, հանրային ոլորտում ընտանիքի պլանավորման առկա ծառայությունների ընդլայնում:

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և անհատույց օգտագործման իրավունքով հողամաս հատկացնելու մասին»  որոշում, համաձայն որի հայկական կողմը չինական կողմին անհատույց օգտագործման է հանձնում հողատարածք` դեսպանատուն կառուցելու համար: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` դեսպանատան ընդլայնման նպատակով:

Գործադիրն ընդունել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում: Դա  հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Կառավարության որոշումներով  Սարգիս Սահակյանը և Ֆելիքս Ցոլակյանը  ազատվել են, համապատասխանաբար, Արագածոտնի  և Շիրակի մարզպետների  պաշտոններից:  Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել  նրանց համատեղ աշխատանքի համար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Խաժակ Աղաբեկյանը նշանակվել է  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար: Վարչապետը շնորհավորել է Խ.Աղաբեկյանին  և մաղթել բեղմնավոր աշխատանք։

Նիստի վերջում Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել  նախկին գործընկերներ Կարեն ճշմարիտյանին, Արմեն Աշոտյանին համատեղ աշխատանքի համար և նշել, որ արդյունավետ և բարձր է գնահատում նրանց հետ համատեղ աշխատանքը: Վարչապետը շնորհավորել է նաև նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:   

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29