Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու իրավունք չունես». «Օֆշորի» գործով տուժածը` ամբաստանյալին (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 16:37

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր տեղի ունեցավ «Օֆշորի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը շարունակեց ապացույցների հրապարակումը: Նա ասաց, որ ըստ փաստաթղթերի` աֆրիկյան Սյերրա Լեոնեում հանքարդյունաբերություն ծավալելու նպատակով իր պաշտպանյալի կողմից ֆինանսական ծախսեր են կատարվել, աշխատավարձերի համար եւս հատկացումներ են արվել: Յուրիկ Խաչատրյանը նշեց, որ ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը եւ իր պաշտպանյալ Աշոտ Սուքիասյանը բիզնես-հարաբերություններ են ունեցել:

Յուրիկ Խաչատրյանն ասաց, որ ըստ Սյերրա Լեոնեում ադամանդի արդյունահանման բիզնես-ծրագրի փաստաթղթերի` Աշոտ Սուքիասյանին թույլատրվել է վարկի մի մասն օգտագործել Հայաստանում` հիմնականում ոսկու ձեռքբերման համար. «Այսինքն, իմ պաշտպանյալին տրվել է իրավասություն Հայաստանում ծախսեր կատարել: Այդ գումարով նա իր ընթացիկ գործարքներն է կատարել, ոչ թե փողերի լվացում, ինչպես մեղադրող կողմն է պնդում: Նա խախտում չի կատարել: Սուքիասյանը պետք է 66 տոկոս բաժնետեր դառնար, բայց նրան գույքը չի փոխանցվել, ինչի համար Աշոտ Սուքիասյանը դիմել է դատարան: Եթե նա խաբելու նպատակ ունենար, դատական ատյաններում հարցեր չէր վիճարկի: Դատարան դիմելու արդյունքում արգելանք է դրվել նրա հանքի գործունեության վրա»:

Յուրիկ Խաչատրյանը շարունակեց ներկայացնել Աշոտ Սուքիասյանի` Կիպրոսում եւ Աֆրիկայում գործարար կապերի փաստաթղթերը, իսկ տուժող Փայլակ Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանն էլ իր հերթին նշեց, որ այդ փաստաթղթերն ու տեղեկությունները մեղադրանքի հետ չեն առնչվում. «Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին հավաստիացրել է, թե Աֆրիկայում ադամանդի հանքի տիրակալ է: Հայրապետյանն էլ հավատացել է, իր անշարժ գույքն է գրավադրել, որպեսզի Սուքիասյանն այդ գումարը ներդնի գործի մեջ: Արդյունքում՝ Հայրապետյանը խաբվել է, նրա գումարները յուրացվել են Աշոտ Սուքիասյանի կողմից` գնացել են Կիպրոս, հետ են եկել… պարզ չէ, որ փողերի լվացում է տեղի ունեցել: Թե Աշոտ Սուքիասյանն ում հետ ինչ հարաբերություններ է ունեցել` հանք է, ոսկի է, ադամանդ է… դա իր խնդիրն է»:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հերքեց ասվածը` հայտարարելով, թե Փայլակ Հայրապետյանն Աֆրիկայում գտնվելու ժամանակ սպառնացել է իրեն. «Նա Ռուբեն Մկրտչյանի հետ միասին ինձ բազմաթիվ նամակներ է ուղարկել` ասելով, որ ամբողջ ունեցվածքը պետք է իմ անունով դարձնես, այլապես… Նույնիսկ պնդում էր, որ եթե ամեն ինչ չձեւակերպեմ իր անունով, արյուն է թափվելու, եւ այդ մասին Հայաստանի թերթերը գրելու են»:

Ապա դիմելով դատավորին` ամբաստանյալը հավելեց. «Եվ հավատացեք, նա կաներ դա, պարզապես «Էբոլան» խանգարեց»:

Դիմելով Սուքիասյանին` Հայրապետյանը բղավեց` «Այս մարդն ապրելու իրավունք չունի, որովհետեւ շատ մարդու տուն է քանդել»:

Paylak_Hayrapetyan_4 Paylak_Hayrapetyan_2 Paylak_Hayrapetyan_1 Ofshori-dat_2 Ofshori-dat_1 Ashot_Suqiasyan_2 Ashot_Suqiasyan_1

Վերջացնելով ապացույցների ներկայացումը` Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը շարունակեց պնդել, որ իր պաշտպանյալը որեւէ խարդախություն կատարելու միտում չի ունեցել:

Ընդմիջումից հետո դատախազը նիստին չներկայացավ: Պարզվեց, որ նրան զանգահարել են եւ ասել, որ երեխան ընկել եւ կոտրել է ձեռքը: Նիստը հետաձգվեց: Հաջորդը տեղի կունենա առաջիկա հինգշաբթի:

Հիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Սուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29