Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պայմանագիր է կնքել եւ դարձել Swiss Global Art Management Gart կազմակերպության արտիստ։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին Երիտասարդական նվագախմբի մամուլի բաժնից:
Swiss Global Art Management Gart-ը բավականին լուրջ ու հեղինակավոր մշակութային կառույց է, որն իրականացնում է բացառիկ մշակութային ծրագրեր՝ փառատոներ, արտ-շոուներ եւ այլ նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
Կազմակերպությանն անդամակցում են հանրահայտ արտիստներ եւ աշխարհահռչակ նվագախմբեր, ինչպես, օրինակ, Վիեննայի ֆիլհարմոնիկը, Ռիկարդո Մուտին, Պինկաս Ցուկերմանը, Ջոն Մալկովիչը, Սոյունգ Յունը եւ ուրիշներ:
Այս կազմակերպությունը բազմաոլորտ աշխատանք է տանում՝ ներկայացնելով ոչ միայն դասական արվեստ: Swiss Global Art Management Gart-ը աշխատում է նաեւ ջազային եւ փոփ համբավավոր արտիստների, կոմպոզիտորների, բալետային կոլեկտիվների ու պարողների հետ:
Այստեղ չեն մոռանում նաեւ երիտասարդներին, իրենց ձեւակերպմամբ՝ ապագայի աստղերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ