Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք ընդհանրապես зашкалили». ՌԴ-ի հետ կնքած գազի պայմանագիրը «ցրել» են, Օրենբուրգն էլ՝ մոռացել (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 15:55

ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց 2016-ին հանձնաժողովի գործունեության ծրագիրը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նրան հարցրեց. «2015-ի հուլիսին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի միջին սակագինը հաստատված էր 48 դրամ, Ուկրաինայում, որտեղ մի քիչ բարդ է, կապված է՝ գազատաքացուցիչ կա, թե ոչ՝ 12 դրամ է, ՌԴ-ում՝ 22 դրամ, Վրաստանում՝ 28 դրամ:Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ատոմակայանի բաժինը կազմում է 40 տոկոս, ՀԷԿ-եր՝ 30 տոկոս, ՋԷԿ-եր՝ 30 տոկոս: Ուկրաինայում՝ ատոմակայաններ՝ 45 տոկոս, ՀԷԿ-եր՝ 15 տոկոս, 40 տոկոս՝ ՋԷԿ-եր, ՌԴ-ում` 67 տոկոս ՋԷԿ-եր, մնացածը՝ ՀԷԿ-երն ու ատոմակայանները: Ինչպե՞ս է ստացվում, որ այսպիսի լավ գեներացիայով, ինչպիսին ՀՀ-ում է, սակագինն այսքան բարձր լինի»:

Ռոբերտ Նազարյանը կոռեկտ չհամարեց Հայաստանը համեմատել ՌԴ-ի կամ Ուկրաինայի, Վրաստանի հետ. «Ուկրաինայում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի գները: ՌԴ-ում ջերմային կայանների գազի գինը եռակի ավելի ցածր է, քան այն գինը, որով մենք տրամադրում ենք ջերմային կայաններին, որ ստանանք էլեկտրաէներգիան»:

Նազարյանն առաջարկեց համեմատել Մոլդովայի հետ. «Մեր նման երկիր ա: 9.70 ցենտ է սակագինը, մեզ մոտ՝ 7.52: Մոլդովայում 45.92 դրամ է, ՀՀ-ում՝ 42.23 է միջին սակագինը: Վերցնենք Մակեդոնիան, Հունգարիան, Բուլղարիան եւ կտեսնենք, որ շատ ավելի բարձր են այնտեղ, քան մեր սակագները:

Ըստ Հրանտ Բագրատյանի, եթե իր համեմատությունը ՌԴ-ի, Ուկրաինայի հետ հիմնավոր չէ, Նազարյանը լրիվ անհիմն համեմատություն արեց Մոլդովայի հետ. «Մոլդովայում ատոմակայան չկա: Դուք ընդհանրապես зашкалили»:

Բագրատյանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ է ՀՀ-ում սահմանի վրա գազի գինը 165 դոլար, երբ 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրում նշված էր, որ այդ գինը պետք է հավասար լինի ՌԴ Օրենբուրգի մարզի գների հետ: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՌԴ-ի հետ նոր պայմանագիր են կնքել եւ միայն 2015 թ.-ի համար կոնկրետ սակագին դրել՝ 165 դոլար՝ 1000 խմ, այնտեղ Օրենբուրգի մասին խոսք չկա: Նա հորդորեց այդ հարցով պատկան մարմիններին դիմել. «Իմ խնդիրը չի, ինչ ձեւով սահմանվում է, մենք պարտավոր ենք հետեւել»:

Հրանտ Բագրատյանը դիմեց ՀՀԿ-ականներին. «Դեկտեմբերի 2-ի պայմանագիր ենք ստորագրել, հարգելի՛ մեծամասնություն, հետեւեք տեսեք ոնց է կյանքում իրականացվում, այսինքն՝ չի իրականացվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29