Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Մենք համաձայնագիրը չենք ստորագրել ընդդիմության համար» (Տեսանյութ)

Փետրվար 25,2016 15:15

«Ուշադիր ընթերցման դեպքում դուք կտեսնեք այնտեղ բազմաթիվ անելիքներ, կոնկրետ կետեր, որոնք վերաբերում են և հասարակական, քաղաքական ոլորտին և տնտեսական ոլորտին: Ես վստահ եմ, որ առաջիկայում ականատես կլինեք այդ ուղղությամբ անելիքներին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` անդրադառնալով ՀՀԿ-ի հետ երեկ ստորագրված հուշագրին: Աղվան Վարդանյանը պատասխանում էր լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հուշագրում կոնկրետ ոչինչ չկա:

Հուշագրի ամենակարևոր կետերից մեկը բանախոսը համարում է այն, որ բոլոր ռազմավարական խնդիրները պետք է կողմերի միջև քննարկվեն եւ համաձայնվեցվեն: Բացի այդ, կառավարությանը, ԱԺ-ին վերաբերող ցանկացած հարց, կողմերից մեկի առաջարկությամբ կարող է դրվել քննարկման. «Այնպես որ, բազմաթիվ կոնկրետ կետեր կան և մենք անդրադառնալու ենք նաև կառավարության ծրագրերին: Մենք պատասխանատվություն ենք ստանձնում կառավարության ծրագրերի համար»:

Աղվան Վարդանյանը անդրադառնալով այն լուրերին, որ ՀՅԴ-ի սփյուռքյան հատվածը չի ողջունում այս համագործակցությունը՝ ասաց. «Բերեք որևէ լրատվամիջոցից դաշնակցական կառույցի կամ անհատի տեսակետ Սփյուռքում, որը կհաստատի ձեր ասածը: Նման բան չեք կարող անել»:

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության առիթով ընդդիմադիր դաշտից հնչող գնահատականներին, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք համաձայնագիրը չենք ստորագրել ընդդիմության համար: Սա մեր աշխատանքային, ճանապարհային քարտեզն է և այդտեղ կան բազմաթիվ կոնկրետ կետեր ու անելիքներ: Եթե որևէ մեկն ավելի լավ համաձայնագիր կարող է ստորագրել, թող գնա մշակի և ստորագրի: Մենք սա անելու ենք, անկախ նրանից, թե կողքից ինչ են ասում: Համաձայնագիրը մոտ մեկ ամսվա աշխատանք է, ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները, ով ինչ է ասում, դա իրենց խնդիրն է»:

Հարցին`առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակո՞վ, թե՞ առանձին են գնալու, ի՞նչ ակնկալիքներ ունեն, այս համագործակցությունից հետո ՀՅԴ-ի համար կլինի՞ ավելի լավ արդյունք,Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այն խնդիրները, որոնք դրված են քաղաքական համաձայնագրի հիմքում, որոնք նաև պետք է կոնկրետ դրսևորումներ ունենան, ազդեն մեր երկրի և մեր քաղաքացիների վրա՝ հույս, ակնկալիք, աշխատանքի արդյունքով առաջացնեն, այդ պարագայում ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդ ընտրություններում Դաշնակցության տեսակարար կշիռը ԱԺ-ում շատ ավելի բարձր կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29